Վրաստանում՝ մայրաքաղաք Թբիլիսիում և մի շարք այլ շրջաններում, տեղի է ունեցել լայնածավալ հոսանքազրկում։ Ինչպես հաղորդում է Pirveli հեռուստաալիքը, գիշերը՝ մոտավորապես ժամը 00:10-ին, ամբողջ երկրում զանգվածային անջատումներ են գրանցվել, իսկ տեղական էներգետիկ ընկերությունում դա որակել են որպես լայնածավալ խափանում։
Ճշգրիտ ցանկը, թե որ տարածքներն են տուժել, անմիջապես հայտնի չի եղել։ Ինգուրի ՀԷԿ-ի տնօրեն Լևան Մեբոնիան նշել էր, որ փորձում է պարզել իրավիճակը և տեղյակ չէր, թե արդյոք կայանը աշխատում է։
Վրաստանի պետական էլեկտրահամակարգից հայտնել են, որ վթարային-վերականգնողական աշխատանքներ են տարվում, միաժամանակ հերքելով տեղեկատվությունն այն մասին, թե խափանման պատճառը Վրաստանը Թուրքիային կապող բարձրավոլտ գծի վթարն է։
Ավելի ուշ իշխամետ Rustavi2 և Imedi հեռուստաալիքները հայտնել են, որ էլեկտրամատակարարումն ամբողջ երկրում վերականգնվել է։








































