Մարտի 8-ի նախօրեին շուկայում ծաղկի գնի կայունությունը 2016թ. բացառություններից է: Սիրելի կանանց լավ տրամադրություն ապահովելու համար մեծ գրպան ունենալը այս տարի պարտադիր պայման չէ: Ծաղկավաճառներին հիշողությունը չի դավաճանում: Եթե նախորդ տարիներին վարդը եռակի թանկությամբ գնային ռեկորդներ էր գրանցում, ապա այս տարի պատկերն այլ է: 1000 դրամն անգամ ընտրության հնարավորություն է տալիս:
Ծաղկի գնի կայունության պատճառը ոչ թե ծաղկավաճառների բարի կամքի դրսևորումն է, այլ քաղաքացիների գնողունակության անկումը: Ֆինանսական ծանրաբեռնվածությունն ու սեցիալական ծանր վիճակը շատերի գրպանում ծաղկի համար գումար չեն թողնում, վաճառողներն էլ ստիպված ծաղկի գներն են անփոփոխ թողնում:
Գնորդերի մի մասը, կարևորելով սիրելի կանանց բարձր տրամադրությունը, ծաղկի համար պատրաստ են վճարել ցանկացած գին: Սակայն ոչ բոլորին է թույլատրելի նմանօրինակ շռայլություն: Անգամ եղած գները շատերի գրպանին մեծ հարված են հասցնում:
Անակնկալների սպասող կանայք վստահեցնում են. մարտի 8-ին ծաղկեփնջի գնային արժեքը երկրորդական է: Կարևորը վերաբերմունքն է:
Մինչդեռ լիասիրտ մաղթանքներն ու ականջ շոյող հաճոյախոսությունները, որոնք ի դեպ անվճար են, կանանց առավել հաճելի են, քան տղամարդու փայլող դրամապանակը:







































