Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի կողմից Գործողությունների համապարփակ համատեղ պլանի իրագործումը սկսելուց հետո ԱԷՄԳ-ի ներկայացրած առաջին հաշվետվությունը Թեհրանի կողմից իր պարտավորությունների կատարման խախտումներ չի հայտնաբերել։
Այդ մասին ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի նիստում հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն։ Նա նաև վստահեցրել է, որ միջազգային տեսուչները շարունակելու են պայմանավորվածությունների կատարման ընթացքի մասին իրազեկել կառավարիչների խորհրդին ու ՄԱԿ ԱԽ-ին։
Ամանոն հայտարարել է, որ ավելի վաղ ընդունված որոշման համաձայն՝ մարտի 1-ին ԱԷՄԳ-ի երաշխիքների դեպարտամենտում ստեղծվել է հատուկ գրասենյակ՝ ստուգելու համար Իրանի միջուկային գործունեությունը:
«Գործողությունների համապարփակ համատեղ պլանի իրագործումը միայն նոր է սկսվել։ Իրանը պետք է տարիների ընթացքում կատարի պլանի շրջանակներում ստանձնած պարտավորությունները»,- ասել է նա։







































