Variety-ի փոխանցմամբ՝ մահացել է դերասան Ջորջ Գեյնսը, որը հայտնի էր հատկապես «Ոստիկանական ակադեմիա» և «Տուտսի» ֆիլմերում խաղացած դերերով։ Դերասանը մահացել է 98 տարեկանում։
Ընդհանուր առմամբ, նա նկարահանվել է հեռուստատեսային հարյուրավոր կատակերգություններում ու դրամաներում, ինչպես նաև 35 ֆիլմում։ Նա խաղացել է նաև բազմաթիվ պիեսներում, երաժշտական կատակերգություններում և ԱՄՆ-ի ու Եվրոպայի օպերաներում։
«Ոստիկանական ակադեմիա» ֆիլմում Ջորջ Գեյնսը մարմնավորել է պարետ Էրիկ Լասարդին։ Նա մասնակցել է այդ կինոշարքի բոլոր 7 ֆիլմերի նկարահանումներին։
Դերասանի իսկական ազգանունը Յոնգեյանս է։ Նա ծնվել է Հելսինկիում՝ ռուս-հոլանդական ընտանիքում, մեծացել է Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում ու Շվեյցարիայում։ ԱՄՆ տեղափոխվելուց հետո փոխել է ազգանունը՝ դառնալով Գեյնս։










































