Ինչպես ցույց են տվել գերմանացի գիտնականների փորձերը` վեներայի ճանճորսը կարողանում է հաշվել, հայտնում է RIA Novosti-ն:
«Հաշվել կարողանալը բույսին օգնում է նաև խնայել: Հպումների թիվը ճանճորսին տեղեկություն է տալիս, թե ինչքան խոշոր է նրա զոհը, և որքան սնուցիչներ է պարունակում: Դա օգնում է բույսին պահպանել հավասարակշռությունը որսի ժամանակ էներգիայի ծախսի և սնուցիչների ստացված ծավալի միջև»,- հայտարարել է Ռայներ Հեդրիխը Վյուրցբուրգի համալսարանից:
Հեդրիխը և նրա գործընկերները հետևել են, թե ինչպես են լաբորատոր պայմաններում վեներայի ճանճորսները որսացել և կերել մորեխներին: Այդ փորձերը մի քանի հետաքրքիր փաստեր են բացահայտել: Նրանք պարզել են, որ կեղծ ազդանշանները տարբերելու համար ճանճորսը օգտագործում է մինչև երկու հաշիվը: Բույսը երբեք չի փակում թակարդը, եթե նրա մակերևույթին երկու անգամ չեն հպվում 20 վայրկյանի ընթացքում: Երկրորդ՝ երբ միջատը ընկնում է ճանճորսի մեջ, բույսը չի շտապում սկսել մարսողության գործողությունը, քանի դեռ չի համոզվել, որ զոհը ամուր ամրացված է թակարդում. ճանճորսը սպասում է, որ միջատը ևս հինգ անգամ հպվի պատերին: Միայն դրանից հետո նա սկսում է արտադրել մարսողական հյութը:
Քանի դեռ զոհը կենդանի է, նրա ամեն նոր շարժումը ստիպում է բույսին ավելի ուժեղ սեղմել թակարդը և ճզմել միջատին: Ըստ Հեդրիխի՝ այդպիսի աստիճանական քայլերը ճանճորսին թույլ են տալիս խնայել ուժերը և որոշել, թե տվյալ դեպքում ինչ քանակությամբ մարսողական հյութեր են անհրաժեշտ:









































