Ադրբեջանական Azadliq թերթի փոխանցմամբ՝ Ադրբեջանում արտադրական շատ ոլորտներում բացասական իրավիճակ է ստեղծվել։ Խնդիրներ ունեն անգամ արտադրական մեծ հզորություն ունեցող ընկերությունները։ Շինարարական ոլորտի աշխատակիցները պնդում են, որ չեն ստացել աշխատավարձեր։
Ադրբեջանցի տնտեսագետ Ազեր Մեհդիևը, մեկնաբանելով երկրում ստեղծված տնտեսական վիճակը, հայտարարել է, որ երկրում գործունեություն ծավալած արտասահմանցի ներդրողները կարող են մոտ ժամանակներս հեռանալ երկրից։ Մեհդիևը հիշեցրել է, որ այս տարվա փետրվարին Ադրբեջանում գրանցվել է մանաթի կտրուկ արժեզրկում, ինչին հաջորդել է ինֆլյացիան։
Մեհդիևը ներկայիս տնտեսական վիճակի կարևոր պատճառների թվում հիշատակել է նաև նավթի կտրուկ գնանկումը, որը կտրուկ նվազեցրել է նավթի վաճառքից ստացվող եկամուտները. «Կառավարության կողմից այլևս չկան նախկին ծավալի պետպատվերներ։ Շատ ընկերություններ հարկադրաբար կրճատել կամ ամբողջովին կասեցրել են իրենց գործունեությունը։ Մարդկանց գնողունակության նվազումը նույնպես բացասաբար է ազդել բոլոր ընկերությունների աշխատանքների վրա։
Առաջիկա ժամանակաշրջանում ականատես կլինենք միայն աշխատատեղերի կրճատման։ Անգամ մի շարք ընկերություններ իրենց հաշվին հազիվ են պահում աշխատողներին։ Ստեղծված իրավիճակում նվազում է նաև արտաքին առևտրի ծավալը։ Իրավիճակի պահպանման դեպքում հնարավոր է, որ շատ ընկերություններ ամբողջովին կասեցնեն իրենց գործունեությունը»։
Հիշեցնենք. ավելի վաղ հաղորդվել էր, որ այս տարի Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է մոտ 50 տոկոսով, և որ Ադրբեջանը նավթի գնանկման հետևանքով կորցրել է 8.7 միլիարդ դոլար։







































