Փարիզում նոյեմբերի 13-ին ահաբեկչություններն իրագործողներից առնվազն 2-ը Եվրոպա են վերադարձել Մերձավոր Արևելքից՝ հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով հետաքննության ընթացքին ծանոթ բարձրաստիճան պաշտոնյայի: Թերթի տեղեկությամբ՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում ահաբեկչությունների կազմակերպմանը մասնակցել է առնվազն 20 մարդ:
Թերթը գրում է, որ ահաբեկիչներից մեկը 20-ամյա Բիլյալ Հադֆին է, որն իրեն պայթեցրել է Stade de France մարզադաշտի մոտ: Մինչ այդ նա որոշ ժամանակ Սիրիայում է եղել: Այնտեղից Հադֆին վերադարձել է Բելգիա, որտեղ անհետացել է Բելգիայի հատուկ ծառայությունների տեսադաշտից: Ավելի վաղ այն մասին, որ Ֆրանսիայի իրավապահ մարմիններն իմացել են ահաբեկչությանը Հադֆիի մասնակցության մասին, հայտնել է Associated Press-ը:
Խմբի մյուս անդամ Օմար Մուստեֆալը փոքր իրավախախտումների համար 8 անգամ պատժվել է ոստիկանության կողմից: Հատուկ ծառայություններն իմացել են, որ 2010-2013թթ. նա այցելել է Փարիզից հարավ-արևելք գտնվող մզկիթ, սակայն չեն իմացել՝ Մուստեֆալն ինչով է զբաղվել վերջին 2 տարին: Այժմ ֆրանսիացի քննիչները ենթադրում են, որ 2013թ. ձմռանը նա մեկնել է Սիրիա:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 31-ամյա Իբրահիմ Աբդեսլամը մահապարտ է ճանաչվել, որն իրեն պայթեցրել է Վոլտերի բուլվարում: Կիրակի Ֆրանսիայի ոստիկանությունը միջազգային հետախուզում է հայտարարել նրա եղբայր Սալահ Աբդեսլամի նկատմամբ, որը, քննիչների տեղեկությամբ, կապ ունի ահաբեկչությունների կազմակերպման հետ:
Associated Press-ի տեղեկությամբ՝ իրավապահները Փարիզում ահաբեկչություններից մի քանի ժամ անց Բելգիայի հետ սահմանին կանգնեցրել են ավտոմեքենա, որով ընթացել է Աբդեսլամը, սակայն հարցաքննությունից ու ստուգումից հետո նրան բաց են թողել:










































