Թռչնագրիպի նոր՝ H7N9 վիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը Չինաստանում հասել է 21-ի: Հիվանդներից 6-ը մահացել են: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը:
Անհոյ մարզում հայտնաբերվել է ևս մեկ հիվանդ՝ ընտանի թռչունների առևտրով զբաղվող 55-ամյա տղամարդ: Նա տեղափոխվել է Բոչժոու քաղաքի հիվանդանոց: Նրա հետ կապ ունեցող անձանցից ոչ մեկի մոտ հիվանդության ախտանշաններ չեն հայտնաբերվել:
Այսօր էլ Շանհայի իշխանությունները հաղորդել են հիվանդացության երկու նոր դեպքի մասին:
Շանհայում 98 հազար կենդանի հավ է ոչնչացվել: Ընտանի թռչունների առևտուրը քաղաքում արգելված է:
Չինաստանի գյուղատնտեսության նախարարության փորձագետները ենթադրում են, որ գրիպի շտամը Չինաստան են բերել չվող թռչունները, սակայն հիվանդության աղբյուրը, ինչպես նախկինում, անհայտ է մնում: Հայտնի չէ նաև, թե ինչպես է այն փոխանցվում: Չնայած բազմաթիվ ստուգումներին՝ վիրուսը չի հայտնաբերվել Չինաստանի սահմաններից դուրս:
Շաբաթ օրը չինացի բժիշկները հայտարարել են դեղամիջոցի ստեղծման մասին, որը կարող է մարդկանց մոտ նվազեցնել վտանգավոր հիվանդության ախտանշանները:










































