Ալկոհոլի և ծխախոտային արտադրանքների ակցիզները Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրներում կարող են կցվել եվրոյին: Այս մասին գրում է «Վեդոմոստի» թերթը՝ հղում անելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Տիմուր Սուլեյմենովին:
«Ակցիզային հարկի դրույքաչափերը կարտահայտվեն եվրոյով, դա միակն կայուն արժույթն է»,- պարբերականը մեջբերում է Սուլեյմենովի խոսքերը:
ԵՏՄ պաշտոնյաները մինչև հաջորդ շաբաթ պատրաստ կլինեն ծխախոտի և ալկոհոլի ակցիզների միավորման մասին համաձայնագրերի նախագծերը ներկայացնել կոլեգիայի, այնուհետև՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկմանը՝ պարբերականին հայտնել է նախարարը: Եթե համաձայնագրերի նախագծերն ընդունվեն, ակցիզների համահարթեցման գործընթացը կարող է սկսվել հաջորդ տարի:
Ակցիզը դրանից հետո էլ միասնական չի լինի՝ ստույգ տոկոսադրույքը երկրներն ինքնուրույն կորոշեն, համաձայնագրերը միայն սահմանափակում են դրույքների տատանումը՝ հավելել է Սուլեյմենովը:
Ակցիզների ներդաշնակեցման մասին սկզբունքային որոշումն ընդունվել է մայիսին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջկառավարական խորհրդում: Այն ժամանակ որոշվել է, որ ներդաշնակեցումը կընթանա ԵՏՄ միասնական ալկոհոլային շուկայի ստեղծման հետ համատեղ՝ ասել է Սուլեյմենովը:








































