Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ժամանակ քննարկել է սիրիացի փախստականների հարցը, ինչպես նաև սիրիական հակամարտության հարցը և Իսրայելի կողմից Երուսաղեմում մուսուլմանների հանդեպ վերջին գործողությունները։
Հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայից ու Իրաքից ընդունել է ավելի քան 2 միլիոն փախստականի՝ անկախ նրանց էթնիկ ու կրոնական պատկանելությունից և դրանով իսկ կիսել է այդ հարցում միջազգային հանրության և մասնավորապես ԵՄ-ի բեռը։
Էրդողանը նաև հայտնել է, որ այս տարի Թուրքիայի առափնյա պահպանման ծառայությունը Միջերկրական ծովում փրկել է ավելի քան 50.000 փախստականի, ինչը վերջին 5 տարվա ընդհանուր ցուցանիշից բարձր է։
Մերկելն իր հերթին հայտարարել է, որ Գերմանիան մինչև տարեվերջ փախստականներից կարող է ստանալ ապաստան տրամադրելու համար 800.000 հայտ։ Մերկելը շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ներդրում ունենալու համար։
Էրդողանը հայտարարել է, որ իրենց համար ԴԱԻՇ-ն ու PKK-ն ահաբեկչական կազմակերպություններ են, և կարևոր է, որ իրենց դաշնակիցները պայքարեն ոչ միայն ԴԱԻՇ-ի, այլև PKK-ի դեմ։ Էրդողանն ընդգծել է, որ իրենք մտահոգ են, որ PKK-ն իր գործունեությունն է ծավալել ԵՄ-ի մի շարք երկրներում։










































