Հաջորդ շաբաթ նախագահ Սարգսյանը կսկսի հանդիպումների շարք խորհրդարանական և ոչ խորհրդարանական կուսակցությունների հետ, որոնց ընթացքում կքննարկվեն այդ կուսակցությունների մոտեցումները սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից ներկայացված Սահմանադրության նախագծի վերաբերյալ: Փորձենք հասկանալ, թե ինչպիսին է խորհրդարանական խմբակցությունների դիրքորոշումը այդ փոփոխությունների նկատմամբ:
ՀԱԿ-ը, որ ի սկզբանե հայտարարում էր, թե չի պատրաստվում բովանդակային քննարկման մասնակցել, քանի որ չի տեսնում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն, չի մասնակցի Սարգսյանի հետ հանդիպմանը: ՀԱԿ-ին թերևս չեն էլ հրավիրի նախագահ Սարգսյանի հետ հանդիպման՝ կանխավ հասկանալով, որ այդ հրավերքը մերժվելու է: Մի խոսքով, ՀԱԿ-ը դեմ է սահմանադրափոխությանը, և այդ իմաստով այս կուսակցության հետ խոսելու ընդհանուր եզր չկա:
ՕԵԿ-ը ևս դեմ է սահմանադրական փոփոխություններին, և ՕԵԿ ներկայացուցիչները ավելի ակտիվ են քննադատում սահմանադրական փոփոխությունները, քան ՀԱԿ-ը: Սրա պատաճառն այն է, որ ՕԵԿ-ը իշխանությունից ստացած թույլտվություն ունի դեմ արտահայտվելու սահմանադրական փոփոխություններին. չի կարող չէ՞ իշխանությունը թույլ տալ, որ ՀԱԿ-ը միայնակ մնա արմատական ընդդիմության դերում և իրենով անի արմատական ընտրազանգվածը: Առաջիկայում մենք ականատես կլինենք ՕԵԿ-ի ավելի ռադիկալացմանը՝ միայն մի տարբերությամբ, որ եթե ՀԱԿ-ը պահանջում է ռեժիմի հեռացում, ՕԵԿ-ը դա երբեք չի անի: Հնարավոր է՝ ՕԵԿ ներկայացուցիչները գնան նախագահ Սարգսյանի հետ հանդիպման, բայց այդ հանդիպումից հետո խրոխտ կհայտարարեն, որ իրենք դեմ են սահմանադրական փոփոխություններին, ինչի մասին և ասել են հանդիպման ժամանակ:
ՀՅԴ-ն արդեն հաստատել է, որ իրենք պատրաստվում են հանդիպման և ներկայացնելու են իրենց այն առաջարկները, որոնք ներկայացրել են սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին: ՀՅԴ-ն պաշտպանելու է սահմանադրական փոփոխությունները, բայց հիմա բանակցությունների մեջ է ապագա կառավարության կազմում իրեն տրվելիք բաժնեմասի առումով: ՀՅԴ-ին խոստացվել է 3 նախարարական պորտֆել, բայց ՀՅԴ ներկայացուցիչները որպես լավ բազարչիներ փորձելու են մի քիչ ավելին ստանալ: Բացի այդ, ՀՅԴ-ն ակնկալում է, որ իշխանությունը հստակ երաշխիքներ կտա 2017թ. ընտրությունների համար: Սարգսյանի հետ հանդիպումից հետո ՀՅԴ-ն կհայտարարի, որ իրենց առաջարկները ընդունվելու դեպքում իրենք կսատարեն սահմանադրական փոփոխությունները, բայց պարզ է, որ ինչպես առաջարկները, այնպես էլ դրանց պատասխանները վաղուց համաձայնեցված են նախագահականի և հանձնաժողովի հետ:
Գրեթե նույն վիճակում է նաև ԲՀԿ-ն: Մեր տեղեկություններով՝ ԲՀԿ-ն կարող է առաջարկների փաթեթ ներկայացնել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին և հայտարարել, որ դրանց ընդունման դեպքում իրենք կարող են վերանայել իրենց նախկինում ունեցած դիրքորոշումը: Մասնավորապես՝ ԲՀԿ-ն դեմ է կայուն մեծամասնություն դրույթին և խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու գաղափարին, և եթե իշխանությունը այս երկու սկզբունքային հարցերում գնա զիջման, ԲՀԿ-ն կարող է կողմ լինել փոփոխություններին:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե այդ ինչպես եղավ, որ մինչև փետրվար ամիսը սահմանադրական փոփոխություններին դեմ հանդես եկող ԲՀԿ-ն որոշել է պաշտպանել դրանք, ԲՀԿ-ական պատգամավորներից մեկը մեզ այսպիսի կարծիք հայտնեց. «Նախ փետրվարից հետո մեր կուսակցության ներսում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել, և դրանք հնարավոր չէ հաշվի չառնել: Մենք դեմ էինք սահմանադրական փոփոխություններին, քանի որ դա համարում էինք վերարտադրման նպատակով իրականացվող հատուկ գործողություն, մինչդեռ հիմա ստացել ենք հստակ երաշխիքներ, որ վերարտադրություն չի լինելու, և մենք հիմքեր չենք տեսնում դրան չհավատալու: Եվ երրորդ՝ եթե մեր կողմից ներկայացված առաջարկները կամ դրանց կարևոր մասը ընդունվում է, և մենք տեսնում ենք, որ վերանում է քաղաքական մենաշնորհ հաստատելու հնարավորությունը, ինչու մենք պետք է դեմ լինենք այդ փոփոխություններին, մանավանդ որ՝ գործող Սահմանադրությունը ապահովում է այդ մենաշնորհի գոյությունը, ինչի ականատեսն ենք արդեն 20 տարի»:
Չնայած արդեն նշել ենք, որ «Ժառանգություն» կուսակցություն որպես այդպիսին գոյություն չունի, բայց կան այդ կուսակցության որոշ ներկայացուցիչներ, ովքեր կարող են գնալ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման: Նրանց պահանջը ևս նույնն է, ինչ ԲՀԿ-ինը՝ բացառել կայուն մեծամասնության դրույթը Սահմանադրության նախագծից, և էլի մի քանի առաջարկներ: Եթե իշխանությունը գնա զիջման այս հարցում, ինչպես ԲՀԿ-ն, այնպես էլ «Ժառանգությունը» կարող է հայտարարել, որ սատարում է փոփոխությունները:
Դե, իսկ ՀՀԿ-ի մասով խոսելն ավելորդ է, քանի որ ՀՀԿ-ի ղեկավար Սերժ Սարգսյանի համար իմաստ չունի նախագահականում հանդիպել իր կուսակիցների հետ և նրանց հետ քննարկել այդ փոփոխությունները:
Եթե ամփոփելու լինենք խորհրդարանական ուժերի դիրքորոշումը, ապա կարող ենք ասել, որ 6 խմբակցություններից երկուսը դեմ են, իսկ չորսը՝ կողմ, իհարկե՝ ամեն մեկը սեփական նախապայմաններով և առաջարկներով, բայց դա այնքան էլ էական չէ:










































