Ռուսական տնտեսությունում ստեղծված վիճակի, ռուբլու անկման արդյունքում հայ խոպանչիները հայտնվել են բավական աղետալի վիճակում: Նրանց մեծ մասը այս տարի նախընտրել է Ռուսաստան չմեկնել, մեկնողներն էլ 1-2 ամիս անց վերադառնում են, քանի որ կա՛մ աշխատանք չկա, կա՛մ աշխատանքի դիմաց տրված վարձատրությունը դրամի վերածելուց հետո պարզվում է, որ դրա համար բնավ չարժեր այլ հանրապետություն հասնել:
«Ամեն տարվա նման՝ այս տարի էլ հենց գարնան սկզբին մեկնեցի, բայց անօգուտ: Ռուսաստանում շինարարությունը կանգնած ա, մեկ-երկու տեղ նորմալ շինարարություն լինի՝ լավ ա, մնացած տեղերում կատաստրոֆիկ վիճակ ա, գործ չկա, փող չկա: Ոնց գնացել էի, մեկ ամիս անց թողեցի հետ էկա, 10 հազար ռուբլի փող էի բերել, որը մանրելուց հետո, նախորդ տարվա համեմատ, ուղիղ կեսը կանգնեց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արսենը:
Ի դեպ, նա տևական ժամանակ մասնակցում էր սև ցուցակում հայտնվելու բողոքի ակցիաներին, բայց հետո պարզվել էր, որ իր դեպքում սխալմունք է եղել, ու Ռուսաստան մեկնելու իր արգելքը հանվել էր: «Էն ժամանակ գլուխ էի ջարդում, ասում էի՝ մի բան անեմ գնամ, որ փող բերեմ, ընտանիքս պահեմ, բայց անօգուտ: Բերածս էլ մանրելուց զիբիլ ա դառնում, ու ամբողջ աշխատանքդ, քրտինքդ ջուրն ա ընկնում»,- հավելեց մեր զրուցակիցը:
Նա նշեց, որ սեպտեմբերին 2 երեխա է ճանապարհելու դպրոց, բայց արդեն օգոստոսի կեսն է՝ դեռ ոչ մի բան չեն գնել: «Հիմա փող չկա անգամ կոշիկ առնեմ երեխեքիս: Խոպան գնալն էլ մի բան չի, չգնալն էլ: Բայց ինչ արած, եթե հիմա էլ իմանամ մի գործ կա, թեկուզ չնչին վարձատրությամբ, կգնամ»,- ասաց նա:
«14-15 տարի է՝ ես ամեն սեզոնի գնում-գալիս եմ, բայց սենց վիճակ դեռ չէի տեսել: Խայտառակ վիճակ ա Ռուսաստանում: Աշխատանք չկա, եղածն էլ հայերը, ուզբեկները, տաջիկներն ու ուկրաինացիները իրար ձեռքից խլում են՝ մենակ թե երկու կոպեկ փող աշխատեն: Կոնկրետ ես մի 15 օր առաջ եմ եկել Մոսկվա, ինձ կանչել է իմ նախկին պրարաբը, բայց մեկ է՝ նախկին գործը չկա: Երկու թեթև վերանորոգման գործ կա, կանեմ ու նորից կվերադառնամ Հայաստան: Այդ երկու գործի համար ինձ 35 հազար ռուբլի փող են խոստացել, բայց պատկերացնում եք՝ դա մեր դրամով մի 200 հազար է կազմում, որով ես պետք է Նոր տարի անեմ, ընտանիքս պահեմ մինչև գարուն՝ հույսով, որ նորից հետ կգնամ: Բայց դա անհնար է»,- մեզ հետ զրույցում դժգոհեց այս պահին Մոսկվայում գտնվող 45-ամյա Համլետը՝ հավելելով, որ ամենասարսափելին այն է, որ այս վիճակի վերջը չի երևում:
«Մի օր արթնանում տեսնում ենք՝ մի քիչ բարձրացել ա ռուբլու կուրսը, ուրախանում ենք, բայց հաջորդ օրը դրա կրկնակին ընկնում ա, ու նորից հիասթափված սպասում ենք բարձրացման: Բայց դե, ինչքան էլ բարձրանա, նախորդ տարիներին չի հասնի, դրա ուղիղ կեսն է կանգնում»,- հավելեց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ սուտ են ռուսաստանցի պաշտոնյաների հավաստիացումները, թե պատժամիջոցները չեն ազդել Ռուսաստանի վրա: «Դրանք սուտ բառեր են, հիմա մտնում ենք ցանկացած խանութ ու տեսնում ենք, որ խանութը կիսադատարկ է, ռուսներն էլ են պանիկայի մեջ: Մենք հո տեսնում ենք էդ վիճակը»,- ասաց Համլետը:
Գեղարքունիքի մարզի բնակչուհի տիկին Սվետան, ով ամբարում է տան խոպանչի տղամարդկանց բերած գումարները, ևս տարակուսած է: Այս տարի նորմալ Ամանոր անելու հարցն անգամ կասկածի տակ է:
«Սենց տարի չէր եղել, որ ես փող չունենայի, միշտ հոգապահուստ ունենում էի, քանի որ 2 տղաս ու ամուսինս 5-6 տարի է՝ գնում-գալիս են, քչից-շատից բերում են, ու ապրում ենք: Բայց հիմա նույն փողը հեչ բան է դարձել: Երեկ եմ 2 հազար ռուբլի մանրել, բայց խանութում պարտք եմ մնացել: Նախկին 11-12 հազար դրամի փոխարեն հիմա 6-7 հազարով ենք փոխում ռուբլին: Բա սա անխղճություն չի՞, էդ երկու կոպեկն արդեն հեչ բանի էլ չի հերիքում, չգիտեմ՝ ինչ ենք անելու»,- մեզ հետ զրույցում դժգոհեց տիկին Սվետան՝ հավելելով, որ գարնանն արդեն թույլ չի տալու տղամարդկանց մեկնել Ռուսաստան:
«Ոչ մի տարբերություն էլ չկա, նույն բանվորությունը, նույն գնով ստեղ էլ կճարեն, գոնե սիրտս հանգիստ կլինի, որ տանն են: Բայց դե, Աստված տա վիճակը կարգավորվի, փողը փող դառնա, քանի որ մենք էդ փողով ենք ապրում»,- ասաց նա:
Նշենք, որ երեկվա դրությամբ ռուբլու նվազագույն փոխարժեքը առաջատար բանկերում 7 դրամ էր, իսկ առավելագույնը՝ 7.36:









































