Մարտի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Վրաստանի առողջապահության, նախարար Դավիթ Սերգեյենկոյի հետ:
Շնորհավորելով զրուցակցին կառավորության կազմում ընդգրկվելու կապակցությամբ` դեսպան Մանուկյանը հույս է հայտնել, որ երկու երկրների գործընկերային հարաբերությունները հետայսու ևս կպահպանեն ձևավորված բարձր մակարդակը: Նախարար Սերգեյենկոն շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար և նշեց, որ հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը առողջապահության բնագավառում երկկողմ հարաբերությունների կարևոր ուղղություններից է և պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը հայկական կողմի հետ ձևավորված սերտ գործընկերային ոգուն համապատասխան:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև առողջապահության բնագավառում համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրներ: Առողջապահության նախարարը, մասնավորապես, ընդգծել է վրացական կողմի հետաքրքրվածությունը հեռաբուժության բնագավառում Հայաստանի ունեցած փորձում: Միաժամանակ, դեսպան Մանուկյանը հայկական կողմի համար կարևոր է համարել Վրաստանի փորձի ուսումնասիրումը ապահովագրական բժշկության տեսանկյունից:
Հանդիպման ընթացքում կողմերը միասնական կարծիք են արձանագրել երկու պետությունների միջև առողջապահության բնագավառում առկա համագործակ-ցության առավել ընդլայնման, հայ և վրաց բժիշկների փորձի փոխանակման անհրաժեշտության մասին:










































