Sputnik-Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ խոսնակ Դավիթ Կերեսելիձեն այսօր հերքել է այն տեղեկությունները, թե հայ սահմանապահները սահմանը տեղափոխել են Վրաստանի տարածքի խորք։ Կերեսելիձեն հայտարարել է, որ սահմանազատման համապատասխան հանձնաժողովի որոշումից հետո նրանք փոխել են իրենց գտնվելու վայրը։
Հանգստյան օրերին «Ռուսթավի 2» հեռուստանկերությունը սյուժե է պատրաստել հայ-վրացական սահմանի մասին, որում Մառնեուլի շրջանի Տազակենդի գյուղի բնակիչները հայտարարում են, որ հայ սահմանապահները մի քանի օր առաջ «առաջ են շարժվել» Վրաստանի տարածքի ուղղությամբ։
Դրա հետ կապված՝ Կերեսելիձեն հայտարարել է. «Դուք տեղյակ եք, որ գործում է սահմանազատման ու սահմանագծման հարցերով հանձնաժողով, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել տվյալ հատվածի սահմանազատում։ Այդ հատվածի որոշակի մասն արդեն իսկ սահմանազատված է։ Իրավիճակը հետևյալն է. ԽՍՀՄ-ի ժամանակ այնտեղ կար միայն վարչական սահման, և այն բնակիչները, որոնք այժմ վրդովված են, կարող էին գնալ ավելի հեռու, քան ներկայումս է՝ սահմանազատումից հետո, որի արդյունքում այնտեղ հայտնվել են հայ սահմանապահները։
Ելնելով իրենց պարտականություններից՝ սահմանապահներն իրավունք ունեն թույլ չտալ այնտեղ Վրաստանի քաղաքացիների մուտք։ Դրա համար էլ այն մոտեցումը, որ ես կարողանում էի առաջ գնալ 10 մետր, իսկ ներկայումս՝ միայն 1 մետր, ստեղծում է մեզանից հողեր խլելու պատրանք։ Իրականում 10 հեկտարով սահմանի որևէ փոփոխում տեղի չի ունեցել»։
Սրանից առաջ էլ Վրաստանի Սահմանապահ ոստիկանությունն էր հերքել սահմանային փոփոխությունների մասին տեղեկությունը։








































