Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ Մերսինում նախընտրական հավաքի ժամանակ քննադատել է ամերիկյան The New York Times թերթին:
Էրդողանը հիշեցրել է, որ ամերիկյան թերթը ժամանակին ողջունել է սուլթան Աբդուլ Համիդի դեմ կատարված մահափորձը, նույնպիսի վերաբերմունք է ցուցաբերել նաև Թուրքիայի նախկին (1950-1960 թվականներ) վարչապետ Ադնան Մենդերեսին կախաղան բարձրացնելու և Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալի մահվան (1993 թվական) նկատմամբ:
Ի պատասխան՝ The New York Times-ի Twitter-յան էջում կատարվել է հետևյալ գրառումը. «Որ առաջնորդն ունի 1150 սենյակից բաղկացած նստավայր, որը 30 անգամ ավելի մեծ է Սպիտակ տնից»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Էրդողանն արևմտյան մամուլին (The New York Times, CNN, BBC) մեղադրել էր Թուրքիան թուլացնելու և մասնատելու փորձերի համար:
Մայիսի վերջին էլ The New York Times-ն իր հոդվածում Էրդողանին մեղադրեց երկրում «պնդօղակները ձգելու» համար: Էրդողանը դա համարեց որպես Թուրքիայի ներքին գործերին միջամտություն՝ ընդգծելով, որ թերթին երբևէ թույլ չեն տվել նման քննադատություն հասցեագրել ԱՄՆ-ի իշխանություններին:










































