Ջենիֆեր Լոուրենսը կնկարահանվի ռեժիսոր Դևիդ Օ.Ռասելի նոր ֆիլմում։ Այս մասին նշված է Deadline կայքում:
Հայտնի է, որ ֆիլմում կնկարահանվեն նաև Բրեդլի Կուպերը, Քրիստիան Բեյլը, Էմի Ադամսն ու Ջերեմի Ռեները: Լոուրենսն ու Կուպերը հանդես են եկել Ռասելի նախորդ՝ «Իմ սիրելին խելագար է» (Silver Linings Playbook) ֆիլմի գլխավոր դերերում: Ներկայում այդ ժապավենը հավակնում է 8 «Օսկարի», այդ թվում՝ «լավագույն ֆիլմ» անվանակարգում: Ռասելը, Կուպերն ու Լոուրենսը նույնպես առաջադրված են Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին:
Ռասելի նոր ֆիլմը դեռ պաշտոնապես անվանում չունի (ավելի վաղ նախագիծը կոչվում էր American Bullshit՝ «Ամերիկյան հիմարություն»): Հայտնի է, որ ֆիլմը հիմնված կլինի իրական դեպքերի վրա, սյուժեն կծավալվի Abscam օպերացիայի շուրջ, որը FBI-ն իրագործել է 1970-ականներին, 1980-ականներին՝ նպատակ ունենալով քողազերծել կոռումպացված քաղաքական գործիչներին:
Անձամբ Բեյլը հանդես կգա ֆինանսական զեղծարարի, իսկ Ջ. Լոուրենսը՝ նրա կնոջ դերում:
Բրեդլի Կուպերը կմարմնավորի դաշնային գործակալի:










































