Saturday, 18 07 2026
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան

Խալոն չի կարողացել բռնաբարել՝ իր կամքից անկախ. Ով ում է բռնաբարել. դատախազությունը դժգոհ է

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Մարգո Մ.-ի (անունը փոխված է) գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Նախաքննական մարմինը Մարգո Մ.-ին մեղադրանք էր առաջադրել բռնաբարության փորձի վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար:

Սա այն գործերից չէ, երբ ակնհայտ սուտ մատնություն կատարելն ի հայտ է գալիս նախաքննության ժամանակ:

Մարգո Մ.-ին բռնաբարելու փորձ կատարելու համար Խալո Մ.-ին (անունը փոխված է) մեղավոր ճանաչելու և դատապարտելու հարցում Արագածոտնի մարզի դատախազությունը մեծ ջանքեր է գործադրել դատական երեք ատյաններում, բայց հաջողության չի հասել, Խալոյի մեղքը բռնաբարության հանցափորձի համար ապացուցված չլինելու եզրակացության եկած դատարանները նրան միաձայն արդարացրել են:

Նախ՝ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Սուրեն Մնոյանի նախագահությամբ կայացրել էր Խալոյի արդարացման դատավճիռը:

26-ամյա Խալոն մեղադրվում էր այն բանի համար, որ 2013 թվականի հունվարի 12-ին, գիշերվա ժամը 1-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում գործող «Աղայան ԱՁ» սննդի օբյեկտի հյուրանոցային սենյակում ալկոհոլ օգտագործած վիճակում տուժողի՝ Մարգոյի կամքին հակառակ ցանկացել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ:

Մերժում ստանալով՝ կոտրված շշի կտորով Խալոն հարվածել է կնոջ բազկին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, գործադրել է բռնություն, բայց իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել. Մարգոն նրան հրել ու փախուստի է դիմել:

Բռնաբարության փորձի համար մեղադրվող Խալոն իրեն մեղավոր չի ճանաչել:

Դատարանում 32-ամյա Մարգոն պնդել է, որ Խալոն բռնաբարության փորձ չի կատարել: Ինքը նման հաղորդում չի տվել ոստիկանությունում: Ասել է միայն, որ ընկերը ծեծել է իրեն: Հաղորդումն ինքը չի գրել, ինքը հայերեն գրել չգիտի, գրվածը բարձրաձայն չի ընթերցվել:

Ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Խալոյին ճանաչել է անմեղ և արդարացրել է՝ մեղսագրված արարքին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ:

Ամբաստանյալի խափանման միջոց կալանավորումը վերացվել է, և նա անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

Արդարացման դատավճիռը դատախազության կողմից բողոքարկվել է վերաքննիչ և վճռաբեկ ատյաններում, բայց դատավճիռը չի փոփոխվել, չի բեկանվել, մտել է ուժի մեջ:

Նման պարտությունից հետո հաջորդ քայլը չկայացած տուժող Մարգոյին պատժելը պիտի լիներ՝ դատարաններում ամբաստանյալ Խալոյին պաշտպանելու, բռնաբարության փորձի համառ ու համարձակ ժխտման համար:
Եվ Մարգո Մ.-ն մեղադրվել է ծանր հանցագործության՝ բռնաբարության փորձի վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Բայց դատախազությունը Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս գործով դարձյալ պարտություն է կրել:

Տուժողից ամբաստանյալի վերածված Մարգո Մ.-ն դատարանում ընդունել է, որ Խալոն իրեն բռնաբարելու փորձ չի կատարել, ինքը սխալ հաղորդում է տվել ոստիկանությունում:

Տուժողի կարգավիճակ ձեռք բերած Խալոն հայտնել է, թե Մարգոյից բողոք, պահանջ չունի:

Իսկ դատարանը, հաստատված համարելով, որ Մարգո Մ.-ն հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն է կատարել, եզրակացրել է, որ նախաքննական մարմինը սխալ է որակել նրա արարքը, Մարգո Մ.-ի արարքը պետք է որակվի ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, այլ՝ 333 հոդվածի 1-ին՝ ավելի թեթև մասով:

Դատարանը եզրակացրել է, որ Մարգոն Խալոյին սուտ մեղադրել է ոչ թե ծանր հանցագործություն, այլ միջին ծանրության հանցագործություն կատարելու համար:

Ըստ դատարանի եզրահանգման՝ օրենքով ծանր հանցագործություն են համարվում այն հանցագործությունները, որոնց համար որպես պատիժ սահմանված է առավելագույնը 10 տարի ազատազրկում, իսկ միջին ծանրության հանցագործություններ են նրանք, որոնց համար առավելագույնը սահմանված է 5 տարի ազատազրկում:

Բռնաբարության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով, նախատեսված առավելագույն պատիժը 6 տարի ազատազրկումն է, և բռնաբարությունը վերոհիշյալ սկզբունքի կիրառմամբ դասվում է ծանր հանցագործությունների թվին:

Սակայն հանցափորձի՝ բռնաբարության փորձի համար՝ 34-138 հոդվածի 1-ին մասով, կարող է նշանակվել առավելագույնը՝ 4 տարի 6 ամիս ազատազրկում:

Եթե հանցանքի ծանրությունը օրենսդիրը որոշում է ըստ պատժի առավելագույն չափի, ստացվում է, որ բռնաբարության փորձը պետք է դասվի միջին ծանրության հանցագործությունների շարքին: Իսկ եթե բռնաբարության փորձը միջին ծանրության հանցագործություն է, ապա դրա վերաբերյալ սուտ մատնություն կատարողի արարքն էլ պետք է որակվի ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով:

Հոդվածի այս մասով վերաորակելով Մարգո Մ.-ի արարքը՝ դատարանը եզրակացրել է, որ օրենքի համաձայն՝ այդ ոչ մեծ ծանրության արարքի կատարման համար պատասխանատվության վաղեմության ժամկետն անցել է, հետևաբար անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել վաղեմության ժամկետն անցած արարքի համար:

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նույն դատավորի՝ Սուրեն Մնոյանի նախագահությամբ, Մարգո Մ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճել է ու դադարեցրել է Մարգո Մ.-ի քրեական հետապնդումը: Մարգո Մ.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, վերացվել է:
Ընդհանուր իրավասության դատարանի այս որոշումը բնականաբար բողոքարկել է մեղադրանքի կողմը՝ պաշտպանելով ի սկզբանե Մարգո Մ.-ի նկատմամբ առաջադրված մեղադրանքը և անհիմն համարելով դատարանի կողմից արարքի վերաորակումը:

Վերաքննիչ քրեական դատարանում մեղադրող Պ. Գյուլումյանը հիմնավորեց բերված վերաքննիչ բողոքը:

Նա ասաց, թե առաջին ատյանի դատարանի կողմից թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներ:

Դատախազը նշեց, որ օրենսդիրը տարբերակում է հանցանքի սանկցիան ու պատիժը, դրանք չեն նույնացվում:

Եթե «բռնաբարություն» հանցավոր արարքը համարվում է ծանր հանցագործություն, ապա ծանր հանցագործություն պիտի համարվի նաև բռնաբարության փորձը:

Իսկ եթե Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կատարած այս սխալ վերաորակումը մնա ուժի մեջ, ապա կարող է ձևավորվել արատավոր պրակտիկա, երբ քրեական գործի վարույթ կկարճվի հանրային վտանգավորություն ունեցող այնպիսի արարքների դեպքում, ինչպես՝ բռնաբարության փորձն է կամ, ասենք, հոգեկան խիստ հուզմունքի վիճակում երկու և ավելի անձանց սպանությունը:

Այդ դեպքում կխախտվի նաև օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը, որովհետև ավարտուն բռնաբարություն կատարածը կհամարվի ծանր հանցագործություն կատարած, իսկ բռնաբարության փորձ կատարածը՝ միջին ծանրության հանցագործություն կատարած անձ:

Ըստ մեղադրողի՝ կխախտվի արդարադատության արդյունավետությունը:

Մեղադրողը պնդեց, թե առաջին ատյանի դատարանը պատժի տեսակի ու չափի վերաբերյալ անհիմն որոշում է կայացրել:

Նա միջնորդեց, որ վերաքննիչ դատարանը Մարգո Մ.-ին մեղավոր ճանաչի ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, դատապարտի 2 տարի ազատազրկման, ապա համաներում կիրառի ու Մարգոյին ազատի պատժի կրումից:

Մարգո Մ.-ի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Հ. Գալստյանն առարկեց մեղադրողի բերած բողոքի դեմ: Նշեց, որ ընդհանուր իրավասության դատարանը ճիշտ եզրահանգման է եկել հանցափորձի ու ավարտված հանցագործության ծանրության աստիճանների հարցում, հիմնավոր և օրինական կերպով է վերաորակել Մարգո Մ.-ի արարքը, ապա նույնքան հիմնավոր և օրինական էլ կարճել է քրեական գործի վարույթը և դադարեցրել է Մարգոյի նկատմամբ քրեական հետապնդումը:

Դատարանը պաշտպանին հարցրեց, թե նրա՝ որպես իրավաբանի կարծիքով՝ ի՞նչն է առաջնային համարվում հանցագործություններն ըստ ծանրության աստիճանի դասակարգման համար:

Փաստաբանն օգտվեց օրենսգրքից և պատասխանեց՝ հանցագործության բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանն են համարվում առաջնային:

Ըստ փաստաբանի՝ հանցափորձի դեպքում նվազում է և՛ հանցագործության բնույթը, և՛ հանրային վտանգավորության աստիճանը:

Բացի այդ, փաստաբանը պնդեց, որ օրենսդիրը հանցագործությունների՝ ըստ ծանրության աստիճանի դասակարգման համար որոշիչ է համարել պատժի առավելագույն չափերը, իսկ նման մոտեցման դեպքում հանցափորձի համար օրենքով սահմանված առավելագույն պատիժը ավելի ցածր է, քան ավարտված հանցագործության համար նախատեսվածը:

Պաշտպանը միջնորդեց, որ վերաքննիչ դատարանը մերժի մեղադրողի բողոքը և անփոփոխ թողնի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը:

Մարգո Մ.-ն միացավ իր պաշտպանին:

Դատական նիստն ավարտվեց: Հաջորդ նիստին՝ ապրիլի 23-ին, դատարանը կլսի կողմերի միջնորդությունները, եթե այդպիսիք լինեն, ու որոշում կկայացնի՝ լուծում տալով այս իրավաբանական ու ոչ միայն իրավաբանական վեճին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում