Saturday, 04 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Եվրասիական միությունը դանդաղ գործողության ական է ԼՂ հիմնախնդրի հայանպաստ կարգավորման հեռանկարի համար. Ռուբեն Կարապետյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Դադիվանք» հայ-իտալական հիմնադրամի նախագահ, պատմական գիտությունների դոկտոր, արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Կարապետյանը:

– Պարոն Կարապետյան, օրերս հրապարակվեցին Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի նախագիծն ու պայմանագրի հավելվածները: Այս պայմանագիրն ու Մաքսային միության օրենսդրությունը համադրելով՝ գալիս ենք այն եզրակացության, որ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում պետք է մաքսային անցակետ տեղակայվի Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև: Ի՞նչ վտանգներով է լի, ըստ Ձեզ, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև առկա միասնական ֆինանսա-տնտեսական տարածքի և անվտանգության ընդհանուր միջավայրի խախտումը:

-Ես ավելի հակված եմ, որ չմտնենք բացառապես մասնագիտական և առարկայական քննարկումների մեջ, այսինքն՝ մաքսակետ կլինի՞, թե՞ չի լինի, այլ հարցը քննենք առավել գլոբալ զարգացումների ներքո:

Ներկայումս աշխարհի տարբեր մասերում մենք ականատես ենք, թե ինչպես ազգային պետությունները ենթարկվում են երկու իրար հակառակ գործընթացների` փլուզման էթնիկական հողի վրա կամ էլ տարրալուծման տարածաշրջանային ավելի մեծ քաղաքական միավորումների մեջ: Սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահը ընտրեց վերջինը, այն դեպքում, երբ Հայոց պետականության համար այսօր գերխնդիր է պահպանել ինքնիշխանությունն ու սեփական ազգային պետության դիմագիծը՝ խուսափելով որևէ վերպետական տարածաշրջանային կառույցի մեջ ձուլվելուց:

ՀՀ իշխանությունները թույլ տվեցին ռազմավարական կոպտագույն սխալ, մինչդեռ պարտավոր էին կանխատեսել զարգացումների նման ընթացքը:

Առանց գնահատական տալու և քննարկելու ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման կամ ԵՏՄ-ին անդամակցելու առավելություններն ու բացասական կողմերը՝ պետք է գրանցենք, որ ՀՀ նախագահի անսպասելի որոշումը՝ միանալու ԵՏՄ-ին ԵՄ-ի հետ երկարատև (շուրջ չորս տարի) բանակցություններից հետո առաջին հերթին մեծ հարված հասցրեց Հայաստանի Հանրապետության միջազգային վարկին ու հեղինակությանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև հնարավոր մաքսակետին, ապա միայն այն հանգամանքը, որ Հայաստանը միանում է մի վերպետական կառույցի՝ ԵՏՄ-ին, առանց ԼՂՀ-ի, թեև «տնտեսական» անվամբ (ԵՄ-ն նույնպես հիմնադրվեց որպես «տնտեսական» միություն)՝ անորոշ և չկարգավորված թողնելով ՀՀ ապագայի համար կենսական մի այնպիսի խնդիր, ինչպիսին ԼՂ հակամարտությունն է, ուղղակի դանդաղ գործողության ական է հիմնախնդրի հայանպաստ կարգավորման հեռանկարի համար: Այնպես որ, այստեղ պետք է շատ լուրջ մոտեցում ցուցաբերել, քանի որ բացի տնտեսական հետևանքներից՝ ՀՀ այս որոշումը կարող է լուրջ քաղաքական հետևանքներ ունենալ:

– Հոկտեմբերի 10-ի վերաբերյալ, երբ նախատեսվում է Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին և ԵՏՄ-ին միանալու փաստաթղթի ստորագրությունը, տարբեր սցենարներ են քննարկվում: Դրանցից մեկի համաձայն Ղազախստանը կտապալի ՀՀ անդամակցության գործընթացը, մյուս տեսակետի համաձայն՝ ՀՀ իշխանությունները կխուսափեն այդ անդամակցությունից, երրորդ սցենարն էլ անդամակցությունն է: Սեպտեմբերի 3-ի որոշումն իրականում երկարաժամկետ ռազմավարական որոշո՞ւմ էր, ի վերջո, թե՞ կարժաժամկետ սպառնալիքները չեզոքացնելու որոշում: Ըստ Ձեզ՝ ի՞նչ սպասել հոկտեմբերի 10-ին:

– ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացը մինչև վերջերս պատված էր գաղտնիության շղարշով, անորոշությամբ, ինչն էլ ավելի սրեց հասարակության թերահավատությունն ու անվստահությունը կայացրած որոշման նկատմամբ: Այսօր էլ ՀՀ ԵՏՄ անդամակցության գործընթացի մասին հայ հասարակությունը տեղեկանում է ռուսական աղբյուրներից կամ պաշտոնյաներից` սեփական իշխանություններից հստակ հիմնավորում և պարզաբանումներ ստանալու փոխարեն:

Գաղտնիք չէ, որ ԵՏՄ-ին միանալու ՀՀ նախագահի որոշումը միանձնյա որոշում էր և կայացվել է հապճեպ` «մեկ օրվա ընթացքում»: Որոշման կայացման ձևը՝ առանց քաղաքական կուսակցությունների հետ, առանց Ազգային անվտանգության խորհրդում քննարկումներ անկացնելու, առանց հանրության կարծիքը հաշվի առնելու, լուրջ մտորելու տեղիք է տալիս: Հոկտեմբերի 10-ի վերաբերյալ ցանկալի կլիներ, որ ՀՀ քաղաքացիներին բացատրություններ տային մեր իշխանությունները…

-ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բազմիցս նշել է Հայաստանի վճռականությունը՝ զարգացնելու Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները, և քանի որ Հայաստանը զբաղված էր եվրասիական ինտեգրացիայով, որի հետ կապված որոշ հարցեր անորոշ էին, անորոշ էր նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը: Ըստ Ձեզ՝ միանալով եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին՝ մենք կարողանալո՞ւ ենք իսկապես քաղաքական հարաբերություններ զարգացնել ԵՄ-ի հետ:

-Իհարկե՝ ոչ, որովհետև փոխվել են խաղի կանոնները: Այսօրվա աշխարհը 5 կամ առավել ևս` 10 տարի առաջ գոյություն ունեցող աշխարհը չէ: Եվրոպան կշարունակի կապերը ՀՀ-ի հետ, սակայն դրանք այլևս չեն կարող լինել նույնը: Բայց Արևմուտք-Ռուսաստան «սառը պատերազմի» ոգով դիմակայության պայմաններում ինչպե՞ս եք պատկերացնում, որ Հայաստանը կկարողանա զարգացնել «քաղաքական հարաբերություններ» ԵՄ-ի հետ կամ ընդհանրապես որևէ անկախ միջազգային լուրջ դերակատարություն կունենա: Կարծում եմ, որ սա պարզապես բարի ցանկությունների ոլորտից է, որը ոչ մի իրատեսական հիմք չունի:

Մեր տարածաշրջանում տեղի է ունենում ֆրագմենտացում. Վրաստանը՝ մի կողմ, Հայաստանը՝ մեկ այլ, իսկ Ադրբեջանը դեռ փորձում է խուսափել հստակ որոշում կայացնելուց` խաղալով երկու կողմերի շահերի և հետաքրքրությունների վրա` բացառապես էներգակիրների ոլորտում: Նկատի ունեցեք նաև Բաքու-Թբիլիսի-Անկարա՝ արդեն իսկ տարբեր նախագծերի տեսքով գործնական արդյունքներ տվող եռանկյունին: Որոշ ժամանակ Բաքուն կկարողանա պահել ներկայիս քաղաքականությունը, որից հետո այդ քաղաքականությունը կսպառվի: Հասկանալով սա՝ Ադրբեջանը ջղաձիգ շարժումներ է անում միջազգային ասպարեզում: Իսկ ՀՀ-ի դեպքում միջազգային օղակը առավել պինդ է սեղմվել ու շարունակում է սեղմվել, քանի դեռ մենք գործում ենք առանց արտաքին քաղաքական հստակ ռազմավարության:

Ներկայումս ստեղծված միանգամայն տարբեր աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում մենք արդեն չենք կարող առաջնորդվել տարիներ առաջ վարած «կոմպլեմենտար» քաղաքականության վատ կրկնօրինակումով: Եթե մենք ինքներս մեզ ցանկանում ենք մոլորեցնել, ապա դա այլ խնդիր է, իսկ եթե իրատեսորեն մոտենանք, ապա այսօր միանգամայն նոր՝ Հայաստանի համար շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծվել:

-Դուք նշեցիք, որ Ադրբեջանն իր ռեսուրսների շնորհիվ է կարողանում խաղ տանել, սա չի՞ ապացուցում, որ Հայաստանը չուներ ընտրության այլ հնարավորություն ռեսուրսների, լծակների բացակայության պատճառով:

– Իհարկե, ուներ: Ռեսուրսը ոչ միայն բնական պաշարներն են, այլ նաև պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու մրցունակությունը: Քաղաքական և դիվանագիտական, տնտեսական և այլ ռեսուրսները ստեղծում են մարդիկ, որոնք ինքնակազմակերպվում են սեփական պետության մեջ` փորձելով հզորանալ ու զարգանալ այն աստիճան, որ առավելապես ինքնուրույն տնօրինեն սեփական պետական կյանքը: Արդյոք մենք կառուցե՞լ ենք այնպիսի ժողովրդավարական կառավարման համակարգ, որը կապահովեր նման կարևոր որոշումներ կայացնելու անհրաժեշտ լեգիտիմությունը: Արդյոք մենք ցանկանո՞ւմ ենք մեր ինքնուրույնության առանց այդ էլ վերջին նշույլները հանձնել օտար ու վերպետական միավորի: Արդյոք, առանց այդ էլ մեր անկախության աստիճանը կաթիլ-կաթիլ զիջելով, հիմա էլ ցանկանում ենք դրա վերջին մնացորդնե՞րը զիջել այն ժամանակ, երբ կտրուկ սրվել է աշխարհաքաղաքական պայքարը, և երբ դեռ ունենք չկարգավորված ԼՂ հակամարտություն:

Մենք ընտրության հնարավորություն ունեինք 4 տարի առաջ, երբ կարող էինք մեր եվրոպացի գործընկերներին անկեղծ ասել, որ ունենք խնդիրներ և հայ-թուրքական փակ սահման, որը նրանք այդպես էլ չկարողացան բացել: Պետք է պնդեինք, որ պատրաստ ենք համագործակցել ցանկացած ձևաչափով, նոր մոտեցումներով, հաշվի առնելով ԼՂ հիմնախնդիրը, ՌԴ-ի վերաբերմունքը և այլն: Իսկ ՄՄ-ին ՀՀ անդամակցության մասին մենք շատ հիմնավոր փաստարկ էինք բերել` ընդհանուր սահմանների բացակայությունը:

Մեր խնդիրները հասկացնելով՝ պետք է փորձեինք մանևրել և պահպանել մեր ինքնիշխանությունը: Մենք, անշուշտ, ի վիճակի էինք խուսափելու ստեղծված իրավիճակից, եթե ՀՀ իշխանությունները իրենք իրենց չդնեին ընտրություն կատարելու (Արևմո՞ւտք, թե՞ Արևելք) անհեռանկարային և վտանգավոր փակուղու առջև:

-ԵՄ-ի հետ գուցե հնարավոր էր անկախության վերջին կաթիլները պահպանել, Ռուսաստանի հետ դա հնարավո՞ր էր, երբ ՌԴ-ն սովորաբար բիրտ ուժ է կիրառում: Չէ՞ որ Ուկրաինան մեզ համար հիանալի օրինակ է, մենք տեսանք, թե ինչ պատահեց Ուկրաինայի հետ, երբ Ուկրաինան հստակորեն հրաժարվեց ռուսական առաջարկներից:

– Մենք ինքներս դրեցինք մեզ այդ փակուղային իրավիճակի մեջ` չունենալով հստակ արտաքին քաղաքական ռազմավարություն: Մենք հայտարարում էինք, որ Եվրոպան մեր կարևորագույն գործընկերն է, մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունն է, այնինչ իրականում այլ բան էինք անում, բոլոր լծակները` տնտեսական, քաղաքական, հանձնում էինք Ռուսաստանին, որով եկանք-հանգեցինք մի իրավիճակի, երբ այլևս անկարող դարձանք խուսանավել այդ երկու միավորների միջև:

Երկրի հատկապես արտաքին քաղաքականության հիմնական գործառույթը կանխատեսելը, կանխորոշելն ու կանխարգելելն է: Սա մենք պետք է անեինք դեռևս մի քանի տարի առաջ, երբ Եվրոպայի հետ բանակցություններ էինք սկսում: Իսկ ՀՀ ՄՄ անդամակցության որոշման կայացման այս ընթացակարգից տուժեց ՀՀ միջազգային հեղինակությունն ու վարկը: Դա անխուսափելի էր, քանի որ արտաքին քաղաքականությունը սերտորեն կապված է ներքին քաղաքականության հետ, արտաքին քաղաքականությունը պարզապես սկսվում է տանը: Մեզանում ներքաղաքական տրամաբանությունը ակնհայտորեն տեղափոխվել է արտաքին ոլորտ: Ցավալիորեն, առանց արտաքին քաղաքականության` մեր դիվանագիտությունը սկսել է «սպասարկել» ոչ թե պետության, այլ ներկայիս իշխանությունների շահերը:

-Այս սխալներն ուղղելու ի՞նչ հնարավորություններ եք տեսնում:

-Այն մարդիկ, ովքեր ներկայումս պատասխանատու են ՀՀ արտաքին քաղաքականության համար, չեն կարող այս սխալներն ուղղել: Որոշումը կայացվել է, և կարծում եմ` յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի միայն կարող է իր դիրքորոշումն արտահայտել և բարձրաձայնել իր տեսակետը Հայոց պետականության համար այս բախտորոշ հարցի վերաբերյալ: Դրա համար կամ բազմաթիվ մեթոդներ և միջոցներ: Այս իշխանությունները անգամ խիզախություն չունեցան ԵՏՄ-ին ՀՀ միանալու հարցը ժողովրդական հանրաքվեի դնելու:

Անկախությունը չի տրվում ժողովուրդներին ի վերուստ, դրա համար նրանք երկարատև պայքարի ճանապարհ են անցնում: Մենք պետք է անհապաղ սկսենք «կաթիլ կաթիլ» հետ վերցնել այս տարիների ընթացքում զիջած մեր անկախությունը և առաջին հերթին` սեփական երկրի ներսում, որպեսզի այնուհետև կարողանանք ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել` հիմնված պետական և ազգային շահերի վրա: Սա առաջնային խնդիր է:

-Պարոն Կարապետյան, օրերս ԵԽԽՎ-ն որոշում կայացրեց պատրաստել մի հակահայկական վերտառությամբ զեկույց՝ «Բռնության աճը Ղարաբաղում և Ադրբեջանից օկուպացված մի շարք տարածքներում»: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է ԵԽԽՎ-ն դուրս գալիս իր իրավասությունների սահմաններից, և ինչո՞ւ է հայկական պատվիրակությունն այդ ամբիոնում շարունակաբար անհաջողություն գրանցում:

-Սա նորից շատ ավելի լայն գործընթացների արդյունք է: Ի դեպ, զեկույցը սխալ է թարգմանվում, իրականում խոսքը ոչ այնքան բռնությունների, որքան լարվածության մասին է, որովհետև բնօրինակում նշվում է անգլերեն «tension» բառը: Զեկույցի նախագծի թե’ վերնագիրն է խայտառակ, և թե’ տեքստը: Սա ևս մեր պաշտպանվողական արտաքին քաղաքականության արդյունքն է: Ադրբեջանը պարզապես հաջողում է իր պարզունակ հարձակողական արտաքին քաղաքականության մեջ: Ռազմավարության բացակայության պատճառով Հայաստանը մշտապես պաշտպանվողի դերում է գտնվում: Ադրբեջանը և’ երկկողմ, և’ բազմակողմ հարթություններում, թույլ կետեր գտնելով, սկսում է աշխատել դրանց վրա՝ հետևողականորեն աշխարհին փորձելով համոզել, որ «իր տարածքները օկուպացված են», իսկ «Հայաստանն էլ ագրեսոր է»: Մի թույլ կետը բազմակողմ մակարդակով` ԵԽԽՎ-ն է, իսկ երկկողմում` Իտալիան, ուր վերջերս ընդունվեց Ռազմավարական համագործակցության հռչակագիրր Իտալիայի և Ադրբեջանի միջև, որում նշվում էր երկու երկրների «առավել սերտ համագործակցությունը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հիմունքների վրա»: ՀՀ թույլ տված դիվանագիտական այդ սխալներից օգտվելու է Ադրբեջանը, ինչն անկասկած բացասական ազդեցություն է ունենալու ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման վրա:

Գալով նորից ԵԽԽՎ-ին, հանուն արդարության պետք է նաև նշել, որ ԵԽԽՎ-ն «ծեծում» է նաև Ադրբեջանին, հատկապես վերջին շրջանում` մարդու իրավունքների վերաբերյալ տարբեր փաստաթղթեր ընդունելով և քննարկումներ նախաձեռնելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում