Հուլիսի 15-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում թողարկվել է սփյուռքահայ Եվա Մեձորյանի «Հայաստան. հին ազգը վտանգված է» ֆիլմը: Այս մասին հաղորդում է Asbarez-ը: Փաստագրական ֆիլմում հեղինակը վեր են հանում այն սրացող վտանգը, որ առկա է Հայաստանի հյուսիս-արևելյան՝ Ադրբեջանի հետ սահմանակից Շամշադինի շրջանում (շրջկենտրոնը՝ Բերդ):
Առաջին ձեռքից ստացված տեղեկությունների հիման վրա հեղինակը կրճատ պատմում է Հայաստանի պատմությունը վերջին 2000 տարիների ընթացքում՝ ներկայացնելով հնագույն ազգի հարուստ քրիստոնեական մշակույթը, որը մշտապես հետապնդվել է իր հարևանների կողմից, բայց շնորհիվ իր տոկունության կարողացել է գոյատևել դարերի ընթացքում: Այժմ այդ ժողովուրդը կանգնել է բնաջնջման սպառնալիքի առջև՝ այս անգամ հարևան Ադրբեջանի կողմից, որին խրախուսում և աջակցում է Թուրքիան:
«Վերջին 4 տասնամյակի ընթացքում ես Հայաստան եմ այցելել շուրջ 60 անգամ, տեսել եմ այդ երկիրը խորհրդային շրջանում ու անկախությունից հետո,- պատմում է Մեձորյանը:- Ես ճանապարհորդել եմ սահմանամերձ շրջաններով, տեսել այն դժվարությունները և վտանգները, որոնց բախվում են այնտեղի մարդիկ, հատկապես թշնամական Ադրբեջանի հետ սահմանին: Ես զգացի, որ ժամանակն է պատմել ճշմարիտ պատմությունը այնպես, ինչպես որ կա: Պատմական և ժամանակակից անցքերի ճշգրտությունը պահպանելու համար ես խորհրդակցել եմ հայտնի պատմաբան Էդուարդ Դանիելյանի հետ»:










































