Գերմանիայի նախագահ Յոհախիմ Գաուկը, որը շաբաթ օրը` հունիսի 7-ին, Կիևում մասնակցել է Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը, այցելել է Մայդան: Անկախության հրապարակ այցի ժամանակ նախագահը հիշեցրել է ուկրաինական այս հեղափոխության ավելի քան հարյուր զոհերի մասին, նշելով, որ առանց արյունահեղության՝ այստեղ դեպքերը չեն զարգացել` ի տարբերություն Գերմանիայի խաղաղ հեղափոխության: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Այնուամենայնիվ, Կիևի իրադարձությունները նրան հիշեցրել են այն տարիների իրադարձությունները: «Ես այստեղ զգացի մարդկանց լավատեսության ոգին ու կամքը, ովքեր նույնիսկ իրենց կյանքն են վտանգել` արմատական փոփոխությունների հասնելու և կոռուպցիոն համակարգը տապալելու համար»,-հայտարարել է Գերմանիայի նախագահը:
Գաուկն ընդգծել է, որ հենց այդ պատճառով էլ իրեն «համակում է զայրույթը, որ գերմանական և եվրոպական հանրության որոշ մասը ենթադրում է, թե իբր Մայդանի հեղափոխության շարժիչ ուժը եղել են ֆաշիստները կամ ուլտրաաջ հետադիմականները»:









































