Մշակույթի նախարարի պաշտոնում վերանշանակված Հասմիկ Պողոսյանի ղեկավարած նախարարության 2013 թվականին տնտեսած միջոցներից 2 մլն 51 հազար դրամը տարեվերջին ՀՀ պետական բյուջե վերադարձնելու փոխարեն նախարարությունը փոխանցել է «Փայլ» իրավաբանական գրասենյակ Հայ- ռուսաստանյան համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ին, որից 916 հազար դրամի ծառայությունները ՍՊԸ-ն չի մատուցել և գումարը չի վերադարձրել: Փաստը հայտնաբերել է ֆինանսների նախարարության վերահսկողական վարչությունը:
Ըստ այդմ՝ նախարարության աշխատակազմի պահպանման առանձին ծախսային հոդվածներով թույլ են տրվել գերածախսեր, որոնք հանգեցրել են կրեդիտորական պարտքերի հետևաբար նաև պետական բյուջեի համար լրացուցիչ պարտավորությունների գոյացմանը:
«Ավստրիական Վագներ Բիրո Ստեյջ Սիսթեմս Էյջի ընկերության կողմից Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահի տեխնիկական վերազինում» վարկային ծրագրի շրջանակներում ապրանքների ձեռքբերումների և տեղադրումների աշխատանքները ամբողջությամբ ավարտվել են, սակայն նախարարության կողմից ՀՀ ֆինանսների նախարարությանը ներկայացված հաշվետվություններով փաստացի ծախսերը չեն ձևակերպվել, ավելին` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ում նույնպես համապատասխան հաշվապահական հաշվառմամբ չեն ձևակերպվել և հաշվեկշռում չեն արտացոլվել:
«Հայկական տպագրության 500-ամյակ», «Երևանը` 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք», «Աջակցություն գրականության հրատարակմանը», «Գրականության հրատարակում», «Մշակութային միջոցառումներ» ծրագրերի իրականացման նպատակով կնքված պայմանագրերով պայմանագրային գումարների վճարումները հիմնականում նախատեսվել և իրականացվել են կանխավճարի ձևով, սակայն կատարման ժամկետներն առանց բավարար հիմնավորումների նախատեսվել են հաջորդ տարիներին: Նշված հանգամանքը հանգեցրել է բյուջետային միջոցների հաշվին էական չափերի դեբիտորական պարտքերի առաջացմանը: Միայն «Հայկական տպագրության 500-ամյակ», «Երևանը` 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրով ՀՀ պետական բյուջեից թվով 218 պայմանագրերով կազմակերպություններին վճարված 1 մլրդ 579 մլն 391,8 հազար դրամից, թվով 131 պայմանագրերի գծով, որոնց գործողության ժամկետներն ավարտված են, գոյացել է 1 մլրդ 187 մլն 520,7 հազար դրամի դեբիտորական պարտք:
Վերոնշյալ ծրագրերով կազմակերպությունների հետ կնքված դրամաշնորհի հատկացման պայմանագրերում նախատեսվել են պարտականությունների կատարման ժամկետի խախտման համար տույժեր, սակայն տույժեր չեն հաշվարկվել և չեն գանձվել:
«Հուշարձանների վերանորոգում և վերականգնում» և «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրերով կատարված շինվերանորոգման աշխատանքների իրականացման համար կազմված նախահաշիվների փաստաթղթային ստուգմամբ և հսկիչ չափագրումներով արձանագրվել են բյուջետային միջոցների ավել վճարումներ` ընդամենը 7 մլն 757.2 հազար դրամի:
«Հուշարձանների վերանորոգում և վերականգնում» ծրագրով հուշարձանների վերանորոգման աշխատանքների նախահաշիվներում թույլ են տրվել ավելի հաշվարկների դեպքեր: Հաշվի առնելով, որ նշված աշխատանքները դեռևս չեն ավարտվել` առաջարկվել է արձանագրված գումարով նվազեցնել հուշարձանների վերանորոգման մնացորդային աշխատանքների նախահաշվից և ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորման ենթակա գումարից:
Մեկ հուշարձանի վերանորոգման գծով խախտելով «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 741 հոդվածի պահանջները` նախահաշվով նախատեսված ծավալներից ավելի` առանց մասնագիտական եզրակացության կատարվել և ՀՀ պետական բյուջեից վճարվել է 7 մլն 12.3 հազար դրամի աշխատանքներ:
Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված գովազդային նյութերի և հուշանվերների պատրաստման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացված գումարների հաշվին կատարվել է 1 մլն 552 հազար դրամի անհիմն ծախս, բացի այդ՝ ձեռք բերված ապրանքանյութական արժեքներից 2 մլն 81 հազար դրամի ապրանքներ ՊՈԱԿ-ում չի մուտքագրվել:
Լուսանկարը՝ Irakan.info-ի









































