Նոյեմբերի 6-ին Մինսկում կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեի հետ:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ փոխըմբռնման և կառուցողական մթնոլորտում անցած զրույցի ընթացքում, որին մասնակցել է նաև Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը, անդրադարձ է արվել ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ միջազգային կառույցների շրջանակներում հայ-բելառուսական համագործակցության հետագա զարգացման հարցերին: Կարևորելով երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև փոխգործակցությունը` երկուստեք գոհունակություն է հայտնվել նույն օրը Հայաստանի և Բելառուսի ԱԳ նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանի և Ալեքսանդր Միխնևիչի գլխավորությամբ կայացած խորհրդատվությունների արդյունքների կապակցությամբ:
Հանդիպմանը քննարկվել են նաև նոյեմբերի 5-ին կայացած հայ-բելառուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստի արդյունքները, ինչպես նաև տնտեսական համագործակցության ակտիվացման, տարբեր բնագավառներում փոխշահավետ համատեղ ծրագրերի իրականացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության և երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր:









































