ՀՀ ազգաբնակչությունը կամ թերսնուցում է ստանում, կամ գերսնուցում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը:
Նա նշեց, որ սննդի ընդունման տեսակետից ևս ազգաբնակչությունը բաժանվում է երկու խմբի՝ սոցիալապես անապահով և ապահով: «Այս երկու խմբերից ոչ մեկ լավ չի սնվում. ազգաբնակչության սոցիալապես անապահով հատվածը թերսնուցում է ստանում, իսկ մյուս մասը` գերսնունդ: Սոցիալապես անապահովների շրջանում տարածված են հիպովիտամինոզները և ցածր քաշը»,- ասաց սննդաբանը:
Անդրադառնալով այս կամ այն դիետաներին՝ նա շեշտեց, որ երբևէ չի կարելի ինքնագործունեությամբ զբաղվել: Ըստ նրա՝ կարճ ժամանակահատվածում կորցրած քաշը շուտ վերականգնվում է: Սննդաբանի խորհրդով՝ ամենաարդյունավետ միջոցը առողջ ապրելակերպին, սննդամթերքի որակին և չափին հետևելն է:







































