Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում՝ Գումգափուում, տեղի է ունեցել աղմկահարույց սպանություն: 49-ամյա Ջեմալ Թեզելը սպանվել է իր տունը վարձակալած, Հայաստանի քաղաքացի, 33-ամյա Գրիգոր Իշխանյանի կողմից: Վերջինս ապօրինի կերպով աշխատում էր Ստամբուլում և 4 ամիս առաջ իր 20-ամյա ընկերուհի Սեդու Բեգինյանի հետ վարձակալել էր այդ տունը:
Սպանությունը տեղի է ունեցել գիշերվա ժամը 01.30-ին: Իշխանյանը դանակի հարվածով սպանել է տանտիրոջը՝ իր ընկերուհու նկատմամբ սեռական ոտնձգություն իրականացնելու համար: Նրանք նախ վիճել են միմյանց հետ, ապա անցել են ձեռնամարտի, ինչն էլ ավարտվել է նրանով, որ Իշխանյանը դանակի հարվածով սպանել է Ջեմալ Թեզելին:
Բարձրացված աղմուկից հարևանները ոստիկանություն են զանգահարել, որի աշխատակիցներին էլ հաջողվել է ձերբակալել Իշխանյանին ու նրա ընկերուհուն, որոնք, հավաքելով ճամպրուկները, պատրաստվում էին դիմել փախուստի:
Ոստիկանատանն Իշխանյանն անմիջապես հայտարարել է, որ տանտերը սեռական ոտնձգություն է կատարել իր ընկերուհու նկատմամբ, ինչի համար էլ ինքը դանակահարել է նրան:










































