Լոռու մարզում 2012 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, թեև գրանցվել է արտակարգ դեպքերի աճ, սակայն զոհերի թիվը նվազել է 17-ով, փոխարենը` վիրավորների թիվը աճել է 64-ով:
Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչության տրամադրած տվյալների` ընթացիկ տարվա 6 ամիսներին գրանցվել է 498 արտակարգ դեպք, որոնց հետևանքով զոհվել է 17, մարմնական վնասվածքներ ստացել 155 մարդ:
Այսպիսով` գրանցված դեպքերից 343-ը եղել են տեխնածին, 24-ը` տարերային, ևս 131-ը` սոցիալ-կենցաղային բնույթի:
Նշված ժամանակահատվածում Լոռու մարզային փրկարարական վարչության դիսպետչերական կետում գրանցվել է հրդեհների բռնկման 332 ահազանգ, որոնցից իրականում հրդեհ է գրանցվել 315 դեպքում:
Շատ են գրանցվել չոր խոտածածկ տարածքների այրման դեպքերը, բայց այս տարվա անցած 6 ամիսների հրդեհների գերակշռող մասը` 242-ը, եղել են անտառային տարածքներում, ինչը մեծ վնաս է հասցրել մարզի բնությանը: Հավելենք, որ անտառային հրդեհներից մի քանիսը բռնկվել են հայ-վրացական պետական սահմանին, որտեղից կրակը անցել էր վրացական կողմ:
Շուշաննա Գրիգորյան` «Առաջին լրատվական»-ի Լոռու մարզի թղթակից
Լուսանկարները` հեղինակի











































