Ամառվա այս օրերին շատերն են նախընտրում զովանալ լողավազաններում և դեկորատիվ ջրավազաններում: Սակայն առաջին հայացքից դրական զգացումներ առաջացնող ջրավազանները և լողավազանները կարող են վարակի փոխանցման միջոց դառնալ և գլխացավանք ստեղծել: Ինչպե՞ս խուսափել այս եղանակին հնարավոր խնդիրներից: «Առաջին լրատվական»-ին այս մասին պարզաբանումներ տվեց Առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության շրջակա միջավայրի և կոմունալ հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանը:
Նա նշեց, որ ամառվա սեզոնին, բացի օրինական լողավազանից, օգտվում են դեկորատիվ ջրավազաններից, որը չի թույլատրվում, քանի որ դրանք լողավազաններ չեն և չունեն համապատասխան կառուցվածք: Մասնագետի պնդմամբ` այս ջրերում լողում են և´ կենդանիներ, և´ մարդիկ, և անհայտ գոյացություններ են լինում, որոնք առողջական լուրջ խնդիրներ կարող են առաջացնել, ուստի հորդորում են չօգտվել նման ջրավազաններից:
Անդրադառնալով օրինական լողավազաններին` ասաց, որ այստեղ ևս որոշակի կանոնների չհետևելու դեպքում խնդիրներ հնարավոր են: Սակայն, Աիդա Պետիկյանի խոսքով, լողավազաններն ունենում են ջրի վարակազերծման և զտման համակարգ, ինչպես նաև ցնցուղարաններ: «Եթե հաճախորդները պահպանեն հիգիենայի կանոնները, պետք է որ ոչ մի վարակ չլինի: Լողավազան մտնելուց առաջ պետք է ցնցուղ ընդունել օճառով և նույնը լողավազանից դուրս գալուց հետո, պետք է նաև կրել անհատական հողաթափեր, ոտաբոբիկ ման չգալ լողավազանի տարածքում: Եթե այդ կանոններն ապահովվեն, ապա վարակ ընդհանրապես չի կարող լինել: Իսկ եթե թվարկվածներից որևէ մեկը խախտվի, իհարկե, բացառված չէ, որ կլինեն մաշկի սնկային հիվանդություններ, հնարավոր են նաև աղիքային վարակներ»,- մեկնաբանեց տեսչության աշխատակցուհին` հորդորելով լողավազաններից օգտվելուց առաջ օգտվել հիգիենիկ բոլոր միջոցառումներից:











































