Կառավարության հերթական նիստի օրը՝ այսօր, կառավարության շենքի բակում իրենց բողոքի ձայնն են բարձրացնում հասարակության տարբեր շերտեր ու խմբեր: Ինչպես նախորդ հինգշաբթի օրերին` այսօր ևս կառավարության շենքի մուտքի մոտ էին հավաքվել բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողները: Նրանք շարունակում են պնդել, որ բանակում զինծառայողներին սպանում են: Վալերիկ Մուրադյանի մայրը արդեն մի քանի տարի է` պնդում է, որ իր որդուն բանակում սպանել է սպան:
Այսօր կառավարության շենքի բակում էին նաև Սիլիկյան թաղամասի` վարձակալությամբ տրված հողերի տերերը՝ գյուղացիները: Ինչպես «Առաջին լրատվական»-ին ասաց Բագրատ Եղիազարյանը` իրենք 70 տարի մշակել են այդ հողերը, իսկ այսօր իրենց ձեռքից հողերը վերցնում են և դրա փոխարեն տալիս անմշակ հողեր` այն դեպքում, երբ իրենք այդ հողերը մշակել և բերք են ստանում:
Գյուղացիները քաղաքային իշխանություններին հորդորում են իրենց հինգ տարի ժամկետ հատկացնել` այդ հողերը կադաստրային գնով գնելու համար:
Բագրատ Եղիազարյանի պնդմամբ՝ հողերը տվել են օլիգարխներին:











































