2009 թվականին Ֆորդ Հուդ ռազմաբազայում 13 մարդու սպանության մեջ մեղադրվող ԱՄՆ բանակի մայոր Նիդալ Հասանին դատարանը նախազգուշացրել է, որ նրան բռնությամբ կսափրեն, եթե նա ինքնակամ չազատվի մորուքից: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Հասանը պնդում է, որ իր կրոնը պահանջում է մորուք պահել: ԱՄՆ բանակի կանոնադրությունն էլ իր հերթին պահանջում է, որպեսզի սպաները հանրությանը երևան սափրված: Չորեքշաբթի նա կրկին նախնական լսումների էր հայտնվել առանց սափրվելու, այդ իսկ պատճառով նրա դեմ 1000 դոլարի տուգանք է սահմանվել` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:
Դատարանի որոշմամբ` մեղադրյալը պետք է օգոստոսի 20-ին ռազմական դատարանի առջև կանգնի սափրված: Եթե նա ինքնակամ չազատվի մորուքից, դա հարկադրաբար կանեն:
Ըստ որոշ կարծիքների` Հասանը հանցանքը գործել է կրոնական շարժառիթներով:
Հիշեցնենք. 2009 թվականի նոյեմբերի 5-ին Տեխասի Ֆորդ Հուդ ռազմաբազայում որպես հոգեբույժ ծառայող Հասանը մարզակենտրոնում, որտեղ զինվորներն ու սպաները Աֆղանստան ուղևորվելուց առաջ բուժզննում էին անցնում, կրակ է բացել և սպանել 13 մարդու, վիրավորվել էր 32-ը: Նրան մահապատիժ է սպառնում: Դա կլինի վերջին հիսուն տարվա ընթացքում ամերիկացի զինվորականի նկատմամբ առաջին մահապատիժը:








































