ՌԴ Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանը, որի նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է հայտարարված, իր համար շատ կարևոր դատ է պարտվել Նիկոզիայի դատարանում: Նա մի քանի ամիս առաջ հայց էր ներկայացրել Կիպրոսի դատարան, որով պահանջել էր արգելք դնել ռուս գործարար Սուլեյման Քերիմովի վրա: Վերջինս, ըստ Եղիազարյանի, որոշակի անօրինական գործողության արդյունքում զրկել էր Եղիզարյանին «Մոսկվա» հյուրանոցում ունեցած իր մասնաբաժնից: Դատը դեռ պետք է շարունակություն ունենա, սակայն Քերիմովի ամբողջ ունեցվածքի վրայից հանվել է արգելքը:
Եղիազարյանի փաստաբաններին չի հաջողվել ապացուցել Քերիմովի մեղավորությունը: Ավելին, դատավոր Միխալիս Քրիստոդուլուն հայտարարել է, որ «հայցվոր կողմը դատարանին չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը, և դա միտումնավոր է արվել, քանի որ դատարանում այլ իրավիճակ կարող էր ստեղծվել՝ ի վնաս Եղիազարյանի»:
Ըստ ռուսական ԶԼՄ-ների` Քերիմովի ընդհանուր ունեցվածքը, որի վրա արգելք էր դրվել, կազմում էր 6 մլրդ դոլար: Այս մասին գրում է RBC-ն:










































