Mac OS X օպերացիոն համակարգի նոր տարբերակը, որը ստացել է Mountain Lion անվանումը, վաճառքում է հայտնվել: Այն հասանելի է Mac App Store ինտերնետ խանութում: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Mountain Lion-ն արժե 19,99 դոլար: Նրանք, ովքեր գնել են նոր Mac համակարգիչ 2012-ի հուլիսի 11-ից հետո, կստանան օպերացիոն համակարգի նոր տարբերակն անվճար: Mac OS X-ի նախորդ՝ Lion տարբերակը Apple ընկերությունը վաճառել է 29,99 դոլարով:
Համակարգիչների ցուցակը, որոնց վրա կարելի է տեղադրել համակարգը, հասանելի է Apple-ի կայքում: Անհրաժեշտ է, որպեսզի Mac սարքավորումն ունենա 2գբ օպերատիվ հիշողություն և նվազագույնը 8 գբ ազատ տարածություն սկավառակի վրա:
Mac OS X Mountain Lion-ը օգտատերերին առաջարկում է կարգավորումներ և փաստաթղթերի համաժամանակեցում iCloud-ի միջոցով, ծանուցումների կենտրոն, սոցցանցերի ինտեգրացիա և մի քանի նոր հավելվածներ, այդ թվում՝ «Հիշեցումներ», «Նշումներ» և «Խաղասրահ»:
Իր հնարավորությունների մասը Mountain Lion-ը վերցրել է iPhone սմարթֆոնների, iPad պլանշետների և iPod նվագարկիչների համար նախատեսված iOS բջջային օպերացիոն համակարգից:
Նախորդ՝ Lion տարբերակը շուկա էր դուրս եկել ուղիղ մեկ տարի առաջ՝ 2011-ի հուլիսին:







































