Լոնդոնի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն մերժել է հավատարմագրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որ ղեկավարում է երկրի Ազգային օլիմպիական կոմիտեն: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը:
«Բելառուսի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին Լոնդոնում Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն չի հավատարմագրել: Սպորտը քաղաքականությունից դո՞ւրս է»,- գրել է Ժուկովն իր Twitter-ում` հստակ չնշելով մերժման պատճառը:
«Իսկ ինչպե՞ս վարվել օլիմպիական արժեքների ավանդույթների հետ: Ամեն դպրոցական գիտի, որ Հունաստանում Օլիմպիական խաղերի ժամանակ կնքվում էր հաշտություն»,- գրել է Ժուկովը:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն չեն ճանաչել Բելառուսում 2010թ. նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց արդյունքներով Լուկաշենկոն վերընտրվել էր:
Ներկայում Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի կողմից գործում է մի շարք պատժամիջոցներ` երկրում քաղբանտարկյալների առկայության պատճառով:







































