Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դժգոհ է ապահովագրական ընկերություններից: Այս մասին նա հայտարարել է Օզուրեգետիում «Ավերսի» ընկերության նոր կլինիկա կատարած այցի ժամանակ:
Սաակաշվիլին հայտարարել է, որ կրտսեր բուժանձնակազմի աշխատավարձը պետք է նվազագույնը կրկնապատկվի. «Միջոցները պետք է վերաբաշխվեն: Այդ կապակցությամբ մենք պետք է նվազագույնը կրկնապատկենք կրտսեր բուժանձնակազմի աշխատավարձը: Ես դրանում խորապես համոզված եմ:
Մի շարք կլինիկաներում որոշ ուժեղ վիրաբույժներ ստանում են 7, 8 և 15,000 լարի աշխատավարձ (1 դոլարը հավասար է 1.66 լարիի), իսկ նրանց կողքին աշխատում է բուժքույրը, որի աշխատավարձը կազմում է ընդամենը 150 լարի: Այդ բաշխումը շատ անհավասարաչափ է»:









































