Twitter միկրոբլոգների ծառայությունը մշակում է գործառույթ, որը օգտատերերին թույլ կտա ներբեռնել իրենց իսկ հրապարակած թուիթների (հաղորդագրությունների) արխիվը: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով Twitter-ի ղեկավար Դիկ Կոստոլոյի հետ հարցազրույցը:
Նրա խոսքով՝ գրառումների պատմությունը հասանելի կլինի առանձին ֆայլի տեսքով: Կոստոլոն չի հստակեցրել, թե երբ կգործարկվի նորամուծությունը:
Հրատարակությունը նշում է, որ ներկայում Twitter-ը թույլ է տալիս դիտել միայն վերջին 3200 թուիթները:
Facebook և Google+ սոցիալական ցանցերը նույնպես օգտատերերին հնարավորություն են ընձեռում ներբեռնելու իրենց գործողությունների պատմությունը:
Twitter-ը գործարկվել է 2006 թվականին: 6 տարի անց ծառայության ակտիվ օգտատերերի թիվը հասել է 140 միլիոնի: Նրանք ամեն օր շուրջ 400 միլիոն թուիթներ են հրապարակում:









































