Հուլիսի 17-ից հացադուլի մեջ գտնվող, դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարները տարածելու մեջ մեղադրվող Կարեն Արայանի մայրը` Մարինա Արայանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ արդեն հայտնի են այն 3 կայքերը, որոնց միջոցով էլ ամբողջ համացանցը հեղեղվել է Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարներով: Դրանք են` «Անժելա Սարգսյան», Владимир Влад և «Ագանորա»:
Մարինա Արայանի խոսքով` ոստիկանությունը վաղուց արդեն հետազոտել է Կարեն Արայանի համակարգիչը, հեռախոսը և նրա ունեցած կայքերը, և ոչինչ չի գտնվել, սակայն դրա փոխարեն ոչ մի անգամ չի հետազոտվել հենց Անժելա Սարգսյանի համակարգիչը, որից էլ, ամենայն հավանականությամբ, տարածվել են այդ նկարները:
Մարինա Արայանի փոխանցմամբ` գործի նյութերում էլ կա, և դատարանն արդեն պարզել է, որ Владимир Влад անունը կրող կայքը հենց դերասանուհուն է պատկանում, նրա ամուսինն էլ պատմել է, որ ինքն է այն բացել Անժելայի համար, սակայն ստեղծված իրավիճակից դուրս գալու համար դերասանուհին հայտարարել է, թե Կարենն իմացել է այդ կայքի ծածկագիրը:
Ինչ վերաբերում է գործով դատարան չներկայացող վկաներին, Մարինա Արայանի խոսքով` նրանք նույն այն անձինք են, ովքեր ամեն օր խաղում են սերիալներում, վարում են հեռուստահաղորդումներ, սակայն, չգիտես ինչու, երբ հերթը հասնում է դատարան ներկայանալուն, պարզվում է` նրանք Հայաստանում չեն:







































