«Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրված «Ուր է իմ տղամարդը» հեռուստասերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարները տարածելու մեջ մեղադրվող Կարեն Արայանի մայրը այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց որդու հետ տեղի ունեցածի, նրա նկատմամբ առկա մեղադրանքի և այս պատմության գլխավոր «հերոսուհու»` Անժելա Սարգսյանի մասին: Բավական հետաքրքիր է այն, որ, ըստ Կարեն Արայանի մոր` Մարինա Արայանի, դերասանուհին նաև ընկերուհի-սիրուհի ունի, ով ինքն էլ տեղեկացրել է Անժելային իր և Կարենի որոշ նկարների` համացանցում տարածվելու մասին:
Մարինա Արայանի խոսքով` Կարենին Անժելան բոլորին ներկայացրել է որպես իր թիկնապահ, սակայն երբ ավելի ուշ Կարենը նրան հայտնել է, որ ցանկանում է նշանվել և ընտանիք կազմել, Անժելան իրենց բոլոր համատեղ ընկերներին հայտարարել է, թե Կարենը բռնաբարել է իրեն: Մարինա Արայանի խոսքով` Կարենը հենց այդ ժամանակ էլ իր անձնական էջում իր և Անժելայի մի քանի նկարներ է դրել, որտեղ իրենք մինչև գոտկատեղը կիսամերկ են ու երջանիկ դեմքերով, և այդ կերպ պարզապես փորձել է ապացուցել, որ բռնաբարվածի դեմքն այդպիսին չէր լինի:
Սակայն, Կարենի մոր վստահեցմամբ, իմանալով այդ նկարների տարածման մասին` Անժելան հենց ինքն է որոշել տարածել իրենց մնացյալ այլ` իսկապես պոռնոգրաֆիկ բնույթի լուսանկարները. «Երևի թե մտածում էր, որ Քիմ Քարդաշյան 2-րդն է լինելու, բայց հասարակության արձագանքն այլ եղավ. նա մոռացել էր, որ հայ է»,- ասում է Մարինա Արայանը:
Ինչևէ, այս գործով դատական պրոցեսը արդեն 9 ամիս է, ինչ վկաների չներկայանալու պատճառով անընդհատ ձգձգվում է, և գործը կարծես թե մտել է փակուղի, ինչի հետևանքով էլ Կարեն Արայանը արդեն 10 օր է` հացադուլի մեջ է:
Մարինա Արայանի խոսքով` Կարենի նամակներին մինչ օրս չի արձագանքել ոչ մի պետական կառույց` բացի ՄԻՊ գրասենյակից, սակայն իրենք հույս ունեն, որ այս պատմությունը այսպիսի ավարտ չի ունենա:
«Չկա ոչ մի փաստ, ոչ մի ապացույց որդուս դեմ` բացի այդ դերասանուհու և նրա մի երկու ընկերուհիների ցուցմունքներից: Եթե որդիս իսկապես մեղավոր լիներ, ես ինքս կուզենայի, որ նա պատժվեր»,- ասում է Մարինա Արայանը:







































