Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի պետբյուջե է փոխանցել 80 միլիոն լարի (1 դոլարը հավասար է 1.66 լարի)՝ բնական աղետից տուժածներին օգնելու համար: Այս մասին նշված է Իվանիշվիլիի Facebook-յան էջում:
Իվանիշվիլին պնդում է, որ Վրաստանի իշխանություններն իր առջև փակել են բոլոր ուղիները, և բնական աղետից տուժած, կարիքավոր անձանց օգնելու միակ օրինական միջոցը մնացել է ապօրինի տուգանքների վճարումը:
Իվանիշվիլին ընդգծել է, որ ինքն արդեն պետբյուջեին փոխանցել է դատարանի կողմից սահմանված 80 միլիոն լարի տուգանքը՝ խոստանալով, որ իրենք հետևելու են, որ այդ գումարը լիարժեք հատկացվի բնական աղետից տուժած քաղաքացիներին:
Հուլիսի 19-ին Վրաստանում գրանցված տեղատարափ անձրևները, ուժգին քամին, կարկուտը և սողանքը մեծ վնաս են պատճառել Կախեթի, Մցխեթ-Տիանետի և Ջավախքի շրջաններին: Ընդհանուր առմամբ, տուժել է ավելի քան 30,000 ընտանիք:








































