Կոլորադոյում Բեթմենի մասին ֆիլմի պրեմիերայի ժամանակ 12 մարդ սպանած Ջեյմս Հոլմսը ականապատել է իր բնակարանը ավելի քան 30 ինքնաշեն նռնակներով: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իշխանությունների տվյալները: Բացի այդ, 24-ամյա Հոլմսի բնակարանում հայտնաբերվել է շուրջ 40 լիտր բենզին:
CNN-ի տվյալներով՝ կարող էր տեղի ունենալ պայթյուն, որը կքանդեր կողքի բնակարանի պատերը, հրդեհը կարող էր տարածվել ամբողջ հարկում, այնուհետև շենքում: Իրավապահ մարմինների աշխատակցի խոսքերով՝ բնակարանում ծուղակ է եղել՝ այնպիսին, ինչպիսին սարքում են Իրաքի և Աֆղանստանի զինյալները: Նռնակները վնասազերծվել են ռոբոտների օգնությամբ:
Հոլմսը կրակ էր բացել հուլիսի 20-ի գիշերը՝ Ավրորա քաղաքի կինոթատրոններից մեկում՝ Բեթմենի մասին ֆիլմի ցուցադրության ժամանակ: Նրա հրաձգության զոհ է դարձել 12 մարդ, 58 մարդ վիրավորվել է:
Հուլիսի 23-ին Հոլմսն առաջին անգամ կանգնեց դատարանի առաջ: Պաշտոնական մեղադրանք նրա դեմ կներկայացվի հուլիսի 30-ին: Նախնական տվյալներով՝ նա հանցագործությանը պատրաստվել է մոտ 4 ամիս, օրինական կերպով զենք և զինամթերք է գնել:











































