Դիրիժոր Վարդան Հակոբյանը Ej էլեկտրոնային պարբերականի (ejournal.am) իր բլոգում գրում է.
Վերջին օրերին ամենահաճախ հնչող հարցն է —-Ո՞ւր են մտավորականները:
Որպեսզի կարողանանք հարցին պատասխան տալ, գոնե պետք է նախ հասկանանք , թե ինչ է նշանակում ՄՏԱՎՈՐԱԿԱՆ :
Արդյոք ամեն ոք, ով զբաղվում է մտավոր աշխատանքով դա լինի երաժիշտ, դերասան կամ նկարիչ, կարող է ու անպայման պիտի լինի մտավորակա՞ն: Կամ արդյոք ամեն ոք , ով իրեն համարում է մտավորական իրոք մտավորակա՞ն է :
Երբ փորձում ես բացել ՄՏԱՎՈՐԱԿԱՆ բառի փակագծերը, գոնե նորմալ մարդու համար պատասխանատվության ահռելի բեռ է ուրվագծվում:
Մտավորական էր Թումանյանը, որը իրոք ամենայն հայոց բանաստեղծն էր ու մտածողը: Կոմիտասն էր, ով ժամանակին փրկեց հայի տեսակը մշակութային ոչնչացումից: Սիլվա Կապուտիկյանն էր, ով մշտապես ժողովրդի խնդիրները բարձրաձայնողն էր եւ, իր բառերով ասած, կյանքի վերջում «ամաչում էր իր ու իր նախագահի համար», ու չընկրկեց անարգանքից ու զրկանքներից, որին ինքն արժանացավ կյանքի վերջին տարիներին:
Դեռ ղարաբաղյան շարժման սկզբից մենք էլի ապավինում էինք մտավորականներին, որոնք ուղղորդում էին հրապարակ ելած հանրությանը, ու մենք բոլորս` մեծից փոքր տարված հայրենասիրական գաղափարներով, դուրս էինք եկել Սովետ կոչվածի դեմ: Մտավորականի դերը այնքան էր ուռճացվել, որ նրան հաձնվեց անկախ պետության կառավարումը: Անսահման էր հավատն ու վստահությունը նրանց նկատմամբ, ու ի՞նչ կատարվեց: Ռեալ իշխանություն ստանալուց հետո դարձան կրակ ու պատիժ մեր նորաստեղծ պետության գլխին:
Հենց մեր ֆետիշացրած մտավորականները սկիզբ դրեցին պետական թալանին, արտագաղթին եւ քաղաքական սպանություններին: Իշխանությունից դուրս մնացած մտավորականների մասին էլ հիշում էին ընտրությունից ընտրություն: Առաջին երկու նախագահները ամեն ինչ արեցին, որ վերջնականապես փչացնեն հայ անկաշառ ու ազնիվ մտավորականի կերպարը: Օգտվելով նրանց տնտեսական թշվառ վիճակից, գումարով շատերին կարողացան գովազդային պաստառ սարքել, իրենց խայտառակ ընտրարշավները կազմակերպելու համար: Եւ արդյունքում ունեցանք հեղինակազրկված մտավորական շերտ: Այսօր էլի հարց —Ո՞ւր են մտավորականները:
Պատասխան— իրենք ձեր կողքին են, այնքան ինչքան կան: Պետք չէ պարտադրել ինչ որ մեկին լինել այս շարժման կողքին ու առավել եւս` դառնալ ուղղորդող: Նրանք էլ ունեն իրենց դիրքորոշումը, որը գուցե չի համընկնում հասարակության դիրքորոշման հետ: Իսկ երբ կոնկրետացնում ես հարցը , թե ո՞ւր էր կոնկրետ մեկը այս ամբողջ ընթացքում: Ստիպված հնչում է հերթական անհեթեթ հայտարարությունը` «զբաղված էի»:
Եթե բանը հասել է նրան, որ մարդն իրոք ինք իրեն ընկալում է որպես մտավորական, այդ դեպքում ի՞նչ կարող է լինել իր համար ավելի կարեւոր, քան հասարակական հնչեղության իրադարձությունները:
Միևնունն է, ով ասելիք ունի, կասի: Պետք չի սպասել ավելին, այլապես նորից կկանգնենք նույն կոտրած տաշտակի առաջ:
Իր վրա պատասխանատվություն ունեցող մարդը չի կարող սպասել, որ իրեն հրավիրեն պայքարի: Մտավորականը պարտավոր է կանխատեսել իր ազգին ու տեսակին սպառնացող վտանգները, նա պիտի դրոշակակիրը լինի բոլոր պրոցեսների, որոնք անրաժեշտ են լավ հասարակություն ձեւավորելու համար: Ամեն մարդ չի կարող լինել մտավորական, անկախ նրանից թե ինչ մասնագիտություն ունի:
Մտավորականությունը կուսակցություն չի, որտեղ կարող են գրանցվել ու համարվել մտավորական:
Իսկ եթե հարց բարձրացնողը ուզում է լսել կոչումներով հայտնի ինչ-որ մեկի ձայնը, կարող եմ միայն ասել, ստիպողաբար ասած բառը ավելի վատ է, քան լռությունը: Դրա փոխարեն տեսեք ձեր շուրջը հավաքված ստեղծագործողներին, այ նրանք են իսկական ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ: Որոնց հրավեր պետք չի, որոնք իրենց չեն պատկերացնում հասարակությունից դուրս, որոնց համար հասարակության պրոբլեմը իրենց անձնական պրոբլեմն է, որոնք թքած ունենան, թե հետո իրենց հետ ինչ կլինի, որոնք գախափարի համար պատրաստ են զոհաբերել ամեն ինչ:
Բարձրացնելով ՈՒՐ ԵՆ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ հարցը, մենք առաջին հերթին նեղացնում ենք մեր իսկական նվիրյալներին, որոնք գուցե կոչումներ չունեն, բայց այսօր կողք կողքի պայքարում են բոլորի հետ քրեաօլիգարխիկ համակարգի դեմ: Իսկ թե ինչո՞ւ նրանք կոչումներ չունեն: Գուցե նրա համար, որ զբաղված են եղել ստեղծագործ աշխատանքով, եւ կոչումներ ստանալու համար չեն կռացել, ընտրարշավների չեն մասնակցել ու արդյունքում կառավարական բանկետների չեն հրավիրվել:
Ի վերջո
Մտավորականը պարտավոր է մատնացույց անել պետության թերությունները ու բացթողումները: Նա հասարակության խիղճն է ու աչքերը, որոնք իրավունք չունեն փակվելու անարդարություններ տեսնելուց:










































