«ՀՀԿ գրասենյակի վերանորոգումն ընթանում է բուռն տեմպերով, սակայն մասնագետները կասկածում են, որ աշնանը պատրաստ կլինի թե՛ ՀՀԿ նոր մասնաշենքը, թե՛ «մասանդրան»՝ հիմնական շենքի վրա ավելացվող չորրորդ հարկը»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Այնուհանդերձ, ՀՀԿ «բունկերում»՝ գրադարանում, որտեղ ընթանում են Գործադիր մարմնի նիստերը, վերանորոգված, կանոնիկ վիճակ է, իսկ ԳՄ օվալաձեւ սեղանին դեռ «թարմ» էր նախորդ ԳՄ-ին դրված ծաղիկների հսկայական շղթան: Ի դեպ, այդ ԳՄ-ի ժամանակ քննարկվել են ոչ միայն Գյումրիի քաղաքապետին վերաբերող և «հարակից» այլ հարցեր, այլև սիրիահայ համայնքին առնչվող խնդիրներ: ԳՄ «ծերակույտին» ներկայացվել է օպերատիվ վիճակը, տեղյակ պահվել, որ տևական ժամանակ է, ինչ հայկական կողմը փակ և կիսափակ այցեր է կատարում Սիրիա, հանդիպումներ-քննարկումներ ունենում սիրիական կողմի հետ, ուսումնասիրում հայկական համայնքի, փախստականների խնդիրները:
Ի դեպ, տեղեկացանք նաև, որ ԳՄ նիստերն սկսվելուն պես շենքի անվտանգության ծառայությունն «ավտոմատ» խլացնում է բոլոր ծերերի հեռախոսները: Հասկանալի պատճառներով»:








































