Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանը պլանավորել է քննարկել Ուրմիա լճում առաջացած ճգնաժամային իրավիճակը: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի շրջակա միջավայրի պաշտպանության հանձնաժողովի անդամ Նաջաֆ Նեժադը:
Վերջինիս խոսքերով՝ փորձագետներն ընդգծում են, որ նախորդ տարվա համեմատ զգալիորեն նվազել է Ուրմիա լճի ջրի մակարդակը, ինչը քննարկվելու է հաջորդ շաբաթ պլանավորված հանձնաժողովի նիստում: Պատգամավորն ուտոպիստական է համարել Կասպից ծովի ջրերն Ուրմիա լիճ հասցնելու նախագիծը:
Նշվում է, որ 2011 թվականի աշնանը Իրանի կառավարությունը 900 միլիոն դոլար է հատկացրել Ուրմիա լճի չորացումը կանխելուն: Ներկայումս չորացել է լճի 1/3-ը, ինչի հետևանքով լիճը խիստ աղակալել է: Եթե նախկինում Ուրմիա լճի մեկ լիտր ջուրն իրենում պարունակում էր 160-170 գրամ աղ, ապա ներկայումս այդ ցուցանիշը հասել է 330 գրամի:









































