Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ`մշտական հսկողության պահանջ է դրվել նաև մայրաքաղաքի փողոցների ասֆալտբետոնե ծածկույթի վերականգնման աշխատանքների ավարտից հետո համապատասխան կազմակերպությունների կողմից ներքին կոմունիկացիոն աշխատանքների իրականացման նպատակով քանդման թույլտվությունները բացառելու մասով. «Խախտումներ թույլ տվող և համայնքային գույքը վնասող կազմակերպությունների նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված պատժամիջոցներ»,- ընդգծել է քաղաքապետը:
Հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ շարունակվում է իրականացվել ամենօրյա հսկողություն: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ սանիտարական ոչ պատշաճ վիճակի պատճառով երթուղիներից դուրս է բերվել 12 մեքենա: Զեկուցվել է նաև, որ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը:
Հասարակական տրանսպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգերի տեղադրման հետ կապված` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է փորձարկել պիլոտային ծրագիրը, որպեսզի արդեն աշնանը երթուղային նոր ցանցի շահագործմանը զուգահեռ գործարկվի ամբողջական համակարգը:









































