Սիրիահայերի մի մեծ հատված չի փորձում Հայաստան վերադառնալ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց արաբագետ Հայկ Քոչարյանը` խոսելով այն մասին, թե Սիրիայում տեղի ունեցող բախումներով պայմանավորված՝ սիրիահայերի ո՞ր հատվածն է ցանկանում վերադառնալ Հայաստան:
Ըստ նրա` սիրիահայերի մեծ մասը չի փորձում գալ Հայաստան, քանի որ նրանք Սիրիայի հետ են կապում իրենց ապագան, ներկան և պատրաստ են այդ երկրում պայքարել: Արաբագետի համոզմամբ` կա նաև սիրիահայերի մի հատված, որը ֆինանսապես ապահով է և կարող է տեղափոխվել և՛ Հայաստան, և՛ Եվրոպա, և՛ Կանադա կամ Ավստրալիա: Նրա կարծիքով` Սիրիայից գնացողներ էլ կան, մնացողներ էլ, պայքարողներ էլ: Նա նշեց՝ եթե Արամ Առաջինի վերջին խոսքը հաշվի առնենք, համայնքի մեծ հատվածը հակված է «մնալու և պայքարելու»:
«ՀՀ իշխանությունների, եկեղեցու դիրքորոշումը, «Արմավիա»-ի գնային քաղաքականությունը լրջագույն բացասական հեևանքներ կունենան Հայաստան-Սփյուռք հարաբերություններում: Սիրիահայ համայնքը սնուցող համայնք է, կա դժգոհություն, ինչը մենք կտեսնենք այլ հարցերում ևս: ՀՀ-ն պետք է պատրաստեր վաղվա Սիրիայի լավ քաղաքացի, պետք է ստեղծեին այնպիսի մեխանիզմներ, որոնցով աջակցեին սիրիահայերին, որ նրանք լինեն այդ երկրի լիիրավ քաղաքացիներ»,- մեկնաբանեց արաբագետը:
Անդրադառնալով ԱՊԼ՝ հրաժարական տալու Ասադին ուղղված կոչին՝ նա ասաց, որ Սիրիայում իշխանությունը կփոփոխվի, եթե գլոբալ խաղացողների շահերը սկսեն փոփոխվել:
Համատեղ ասուլիսի ընթացքում ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանը կարծիք հայտնեց, որ կառավարությունը առաջին հերթին պետք է սիրիահայերին բոլոր ուղղություններով աջակցելու հայեցակարգ մշակեր: «Ես չգիտեմ` որքանով նման մոտեցում կա, խնդիրն այն է, որ նախկինում բազում են դեպքերը, երբ ոչինչ էլ չի արվել: Այն քողը, որը գցվում է, թե՝ ամեն ինչ արվում է, վանող տպավորություն է ստեղծում հասարակության մոտ»,- նկատեց Սարո Սարոյանը:








































