Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմին, բախումներին, հնարավոր զարգացումներին անդրադարձան արաբագետ Հայկ Քոչարյանը և ՌԱՀՀԿ քաղաքագետ, վերլուծաբան Սարո Սարոյանը:
Արաբագետի խոսքով՝ վերջին շրջանում լրատվամիջոցներով ականատեսը դարձանք, թե ինչպես Սիրիայում ծայրահեղացան բախումները, թվում էր, թե հարցը լուծում կստանա, սակայն իրականությունն այն է, որ Ասադի կառավարությունը վերահսկում է իրավիճակը: Ըստ բանախոսի՝ դրանում կարող ենք համոզվել՝ հետևելով իրավիճակին Դամասկոսում, մի քանի այլ վայրերում, որտեղ ավելի խաղաղ է, իսկ լարված է մնում իրավիճակը Հոմսում և Հալեպից Թուրքիա ընկած ավաններում և բնակավայրերում:
Արաբագետի համոզմամբ՝ իշխանությունները այդ վայրերում ևս կսկսեն հաստատել իրենց իշխանությունը. Ասադը ժամանակ ունի մինչև ԱՄՆ ընտրությունները:
Հարցին՝ որքանո՞վ է հնարավոր իշխանափոխությունը Սիրիայում, Հայկ Քոչարյանը պատասխանեց. «Եթե կառավարման համակարգի փոփոխության մասին է խոսքը, դա այլ ստրուկտուրա է, եթե կառավարման համակարգը մնում է նույնը, և այլ մարդիկ են հայտնվում՝ այլ: Դամասկոսի ահաբեկչական գործողությունները՝ օրինակ»,- նկատեց բանախոսը:
Համատեղ ասուլիսի ընթացքում ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանն ասաց՝ տարիուկես է, ինչ սրվել է իրավիճակը Սիրիայում, քաղաքացիական պատերազմ է, և իրադարձությունների զարգացման ընթացքը ցույց է տալիս, որ հանգուցալուծումը բավական հեռու է:
Նրա դիտարկմամբ՝ նման պատերազմների ժամանակ հարցերը միանգամից չեն լուծվում, առանձին խմբեր իրենց շահերը պետք է սպառեն, որպեսզի երկրում կայունացման գործընթաց սկսվի: Առայժմ երկրում իրավիճակը սուր բնույթ է ստանում, մոտակա ժամանակաշրջանում սրա վերջը չի երևում:
«Կտապալվի՞ Ասադի կառավարությունը, թե՞ ոչ: Բոլոր վերլուծությունները կապված են «եթե»-ների հետ: Ասադի վարչախումբն ուժեղ հենք ունի, և սպասելի չէ, որ այս ռեժիմը կտապալվի: Հայերի համար լավագույն ելքն այն է, որ չսպասեն և փորձեն որևէ ուժային կենտրոնի կողմնորոշվել, քանի որ դա շատ վտանգավոր քաղաքական գիծ է , և այսպիսի դիրքորոշումը ճիշտ չի լինի: Կարող եմ նաև ասել, որ հայության շահերը համընկնում են Ասադի քաղաքական կուրսին»,- մեկնաբանեց քաղաքագետը:











































