Այսօր՝ հուլիսի 23-ին, սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Տավուշի մարզից News.armeniatv.com-ին հայտնել է, ժամը 01.10-ի սահմաններում Ոստիկանության Բերդի բաժին ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի Ջինգլ տեղամասում վիճաբանություն է տեղի ունեցել, որտեղ մի քաղաքացի մարմնական վնասվածքներ է ստացել:
Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արշավիր Գևորգյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի մի քանի քննիչներ՝ քննչական բաժնի պետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ:
Օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նշված վայրում նշվելուց է եղել Վարդավառի տոնը,, որի ժամանակ մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն: Նշենք, որ Հայաստանի որոշ մարզերում Վարդավառը նշվել է երեկ, և ոչ թե նախորդ կիրակի:
Վիճաբանության ժամանակ Բերդ քաղաքի բնակիչ 27-ամյա Վրեժ Մելիքյանը իր մոտ եղած դանակով 5-6 անգամ հարվածել է Տավուշի մարզի Այգեպար գյուղի բնակիչ 52-ամյա Խաչիկ Խաչատրյանին: Վիճաբանության մասնակիցները, տեսնելով, որ Խ. Խաչատրյանի վիճակը ծանրանում է, նրան դեպքի վայրից տեղափոխել են գյուղի բուժքրոջ տուն, որտեղ էլ նա մահացել է:
Ոստիկանության Բերդի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ Բերդի ոստիկանապետ Գարիկ Դալլաքյանի գլխավորությամբ, դեպքի վայրում փորձում են գտնել դանակը, քանի որ Վ. Մելիքյանը ոստիկաններին հայտնել է, որ հարվածներից հետո դանակը նետել է:
Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Բերդի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ ոստիկաններին հաջողվել է բացահայտել սպանությունը դեպքից ընդամենը երկու ժամ անց:








































