Այսօր զանգերի մի ամբողջ տարափ է տեղացել ավստրալիական փրկարար ծառայությունների արտակարգ իրավիճակների հեռախոսահամարի վրա: Հեռախոսազանգերը շարունակում են ստացվել: Հեռախոսազանգերի հեղինակները պնդում են, որ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքով SMS-ներ են ստացել:
Հաղորդագրությունների անանուն հեղինակը տեղեկացրել է, որ ինքը սպանության պատվեր ունի, որի համար արդեն վճարվել է: Իրենց կյանքը փրկելու համար մարդիկ պետք է 48 ժամվա ընթացքում կապ հաստատեն քիլլերի հետ և փրկագին վճարեն 5 հազար դոլարի չափով:
Իրավապահ մարմինների տվյալների համաձայն` նմանատիպ հաղորդագրություն ստացել են Սիդնեյի, Բրիսբենի և ավստրալիական այլ քաղաքների մի քանի հարյուր բնակիչներ:
Ոստիկանությունը վստահեցրել է, որ ակտիվ հետաքննություն է իրականացվում, և փորձելու են պարզել այդ հաղորդագրությունների աղբյուրը:











































