Փետրվարի 14-ի գիշերը Նյու Յորքում կյանքի 91-րդ տարում մահացել է հայտնի դաշնակահար, ջազի մեծ վարպետ սըր Ջորջ Շիրինգը: Ինչպես հայտնում է France Presse գործակալությունը, նրա մահվան պատճառ է հանդիսացել սրտի սուր անբավարարությունը:
Ջորջ Շիրինգը ծնվել է 1919թ.-ի օգոստոսի 13-ին Լոնդոնում: Ապագա դաշնակահարն ի ծնե կույր է եղել: Դաշնամուր նվագել սկսել է սովորել 3 տարեկանում, սակայն երաժշտական բարձրագույն կրթություն չի ստացել` ցանկանալով իր ապրուստը վաստակել փաբերում: 1947թ. նա մեկնում է ԱՄՆ, որտեղ նրան վիճակված էր դառնալու աշխարհի ամենահայտնի ջազմեններից մեկը:
Ընդհանուր առմամբ նա ունի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնց մեծ մասը 50-ականներից մինչև 90-ական թվականները հայտնվում էին ամերիկյան չարտերում:
Շիրինգի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը Lullaby of Birdland-ն է, որը նվիրված է հայտնի սաքսոֆոնիստ Չառլի Փարքերին:
Երգը հետագայում սկսեցին կատարել հայտնի երգիչներ, մասնավորապես` Էլլա Ֆիջերալդը: Ինքը Շիրինգը պնդում էր, որ Lullaby of Birdland երգի հաջողությունը լրիվ պատահականության հետևանք է:









































