2003թ. այս օրը Երևանում վախճանվեց սիրված դերասան, կատակերգու Արմեն Խոստիկյանը:
Արմեն Խոստիկյանը ծնվել է 1929թ. մայիսի 22-ին, Երևանում, ավարտել մայրաքաղաքի թիվ 30 դպրոցը, ապա ընդունվել բժշկական ինստիտուտ, սակայն մեկ տարի անց հրաժարվել է բժշկի մասնագիտությունից և ընդունվել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը (Արմեն Գուլակյանի դասարան): Ավարտելուց անմիջապես հետո աշխատանքի է անցել Գ. Սունդուկյանի անվան թատրոնում, որին և հավատարիմ է մնում մինչև կյանքի վերջը:
Ա. Խոստիկյանը խաղացել է բազմաթիվ դրամատիկ դերեր, սակայն ժողովուրդը նրան ընդունեց և սիրեց իբրև կատակերգակ դերասանի: Իսկ կինոյում նրա խաղացած առաջին իսկ դերերը` «Ոսկե ցլիկում»՝ հորթապահ, «Նվագախմբի տղաներ»-ում՝ Մասխարա Զավեն, այնքան սիրելի եղան հանդիսատեսի համար, որ այդ կերպարների արտահայտությունները դարձան թևավոր խոսքեր:









































