ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու Վիտալի Բալասանյանը հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրություններից առաջ կամ դրանց ընթացքում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ չի հանդիպել. վերջին անգամ նրան տեսել է 2011-ի սեպտեմբերի 2-ին՝ ԼՂՀ անկախության օրը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Վիտալի Բալասանյանը:
Նրա խոսքով, սակայն, Ռոբերտ Քոչարյանի հետ իր հարաբերությունները խզված չեն: «Ընտրություններից առաջ հեռախոսազրույց էլ չեմ ունեցել նրա հետ: Անգամ նրա մոտիկ մարդկանցից ոչ մեկի հետ չեմ հանդիպել: Բայց եթե հանդիպում ենք, իրար ասում ենք՝ «Բարև ձեզ, ինչպե՞ս եք, լավ ե՞ք. մենք էլ ենք լավ»: Միաժամանակ, եթե Ղարաբաղի վերաբերյալ կարևոր հարցի քննարկման կարիք լինի, պատրաստ եմ բոլորի հետ էլ հանդիպել, ձեռք սեղմել՝ ներառյալ Ռոբերտ Քոչարյանի, խնդրել, որ օգնեն Արցախին: Այնպես որ, բոլորի հետ էլ իմ հարաբերությունները միշտ նորմալ եմ պահել»,- ասաց Վիտալի Բալասանյանը:
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ հուլիսի 19-ին ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրություններից հետո հայաստանյան ընդդիմադիր մամուլն ազատորեն հասնի Արցախ (մի բան, որ նախկինում արգելված էր), Բալասանյանը պատասխանեց՝ այո: «Հայաստանյան ընդդիմադիր թերթերը կարող են հասնել Ղարաբաղ: Ինչով կարողանանք, կօգնենք, կնպաստենք դրան: Ուրիշ տարբերակ չունենք: Մենք պետք է ամեն բան անենք, որպեսզի Արցախում ընդդիմություն ձևավորվի: Դա քաղաքակիրթ, զարգացած և զարգացող բոլոր երկրների դեղատոմսն է: Դրա համար էլ ես համախոհներիս հետ միասին նոր քաղաքական թիմ եմ ձևավորելու»,- ասաց նա՝ հավելելով, որ իշխանություններին քննադատող ցանկացած թերթի պետք է ուշադիր լսել ու համապատասխան հետևություններ անել: «Եթե 100 քննադատություն է արվում, դրանցից գոնե մեկը ճիշտ կլինի: Քննադատողները խնդիրների լուծման ձևեր ևս առաջարկում են: Իսկ քննադատողներ չունենալը նույնն է, ինչ որ Ղարաբաղում դեղատներ չլինեն»,- ասաց նախագահի նախկին թեկնածուն:
Հնարավո՞ր է, որ Արցախում այսուհետ ընդդիմադիր մամուլ հիմնվի հարցին էլ Վիտալի Բալասանյանը նկատեց. «Հիմա չկա, բայց պետք է որ լինի: Այս պահին չեմ շտապում որևէ բան ասել, բայց ժամանակի ընթացքում համապատասխան քայլեր կանենք: Չեմ բացառում, որ ԼՂՀ-ում ընդդիմադիր մամուլ լինի»:
Հիշեցնենք՝ նախագահական ընտրությունները ԼՂՀ-ում տեղի ունեցան հուլիսի 19-ին: Ավելի քան 66 տոկոս քվեներով հաղթանակ է տարել Բակո Սահակյանը: Վիտալի Բալասանյանին ձայն է տվել Արցախի բնակչության մեկ երրորդը:









































