Ֆենիքսում (Արիզոնա նահանգ) հուլիսի 19-ին սկսվել են շերիֆ Ջո Արպայոյի դեմ հարուցված դատական գործի լսումները, որին մեղադրում են Լատինական Ամերիկայի ներգաղթյալների նկատմամբ ռասայական խտրականություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտնում է Politico-ն:
Քաղաքացիական հայցը ներկայացրել են մի խումբ լատինաամերիկյան ծագման ամերիկացիներ, ովքեր պնդում են, թե Արպայոյի ենթակաները ստուգման նպատակով կանգնեցրել են իրենց ավտոմեքենաները` ելնելով վարորդի ու ուղևորների արտաքին տեսքից:
Հայցվորների մի մասին կանգնեցրել էին հերթական պարեկային հսկողության ժամանակ, մյուսներին` հատուկ ստուգումների ժամանակ, որոնց մասնակցել է շերիֆը:
Եթե Արպայոն մեղավոր ճանաչվի, ապա նրան չի սպառնա բանտարկություն կամ տուգանք. հայցվորները գումարային փոխհատուցում չեն ակնկալում: Նրանք ցանկանում են, որ Արպայոն ու նրա ենթակաները ճանաչվեն մեղավոր ռասայական խտրականություն ցուցաբերելու մեջ ու փոխեն իրենց գործելաոճը:
Արպայոն, ով իրեն անվանում է «Ամերիկայի ամենաազդեցիկ շերիֆը», իր հասցեին ուղղված մեղադրանքները չի ընդունում:
Արպայոն հայտնի է անօրինական ներգաղթյալների նկատմամբ իր պայքարով:









































