Այսօր հրավիրված ասուլիսում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում անցկացված նախագահական ընտրություններին՝ նշեց, որ իր համար սկզբունքային չեն արդյունքները․
«Ցանկացած ժողովուրդ իրավունք ունի ձևավորել իր իշխանությունները, և Ղարաբաղի ընտրությունները այս տեսանկյունից լեգիտիմ են, այլ է նյուանսների հարցը։ Կարևոր է, որ Ղարաբաղում մրցակցային ընտրություններ եղան, եղավ թեժ պայքար, ինչը շատ ավելի կարևոր է։ Աշխարհը ուզած-չուզած հաշվի կնստի դրա հետ»։
Ինչ վերաբերում է Ղարաբաղում բավական ձայներ հավաքած ընդդիմության գործունեությանը, ապա քաղաքագետը նշեց, որ ընդդիմությունը պետք է գործի, քանի որ այն միշտ ստիպում է իշխանությանը լավ աշխատել։
«Պարզապես Ղարաբաղում ընդդիմությունը պետք է ավելի զգույշ գործի, քանի որ ճակատ կա և այլն, սակայն միանշանակ և ցանկալի է, որ գործի»։
Խոսելով երկրի ներսում առկա մարտահրավերների և մասնավորապես՝ «Հարսնաքար»-ի դեպքերի մասին՝ քաղաքագետը հայտնեց․
«Ինձ զարմացրեց այն, որ մեկ տեսանկյունից չի նայվել խնդրին․ ցանկացած պետության մեջ մի սուբյեկտ կա, որն իրավունք ունի ուժ կիրառել քաղաքացիների նկատմամբ, և այդ սուբյեկտը իշխանությունն է։ Հայաստանում, որքան հասկանում եմ, նոր տենդենցներ են ուժեղանում։ Որոշները ասում են «իմ ռեստորանն է», մյուսները՝ «իմ փողոցում կամ իմ քաղաքում ես եմ որոշում ուժ կիրառել», այ սա արդեն լուրջ մարտահրավեր է և, առաջին հերթին, ուղղված է իշխանությանը, քանի որ սուվերեն իրավունքը պատկանում է իշխանությանը։ Ահա վերջին շրջանում հենց այս տեսակի տարրեր հայտնվեցին Հայաստանում»։
Իբրև դրական արձագանք «Հարսնաքար»-ի դեպքերի՝ Ս․ Գրիգորյանը նկատեց այն փաստը, որ եղավ հրաժարական մանդատից․
«Կասկած չկա, որ սա նախագահի որոշումն էր, բայց հարցը պետք է լուծվի համակարգային ձևով։ Հայաստանում որոշ մարդիկ չեն հասկանում, որ սուվերենությունը պատկանում է իշխանությանը։ Ես անուններ դիտմամբ չեմ նշում, քանի որ երևույթն եմ մատնանշում։ Ես ափսոսում եմ, որ արժանի քաղաքացի, արժանի բժիշկ մահացավ, սա աղետ է, որի համար պետությունը պետք է մեզ պատասխան տա։ Ահա այս երևույթները կոչվում են մարտահրավերներ, և դրանցից բխող վտանգը կարևոր է պետության ամբողջականության համար»։
Նման վտանգներից խուսափելու հնարավոր ելքերից խոսելով՝ Ս․ Գրիգորյանը նշեց, որ ֆանտաստիկ կարևոր փաստ է այն, ինչ արեց հասարակությունը և հավելեց․
«Իբրև քայլ՝ ես կառաջարկեի բոլոր բիզնեսով զբաղվող պատգամավրների նկատմամբ դատախազության կողմից գործեր հարուցել և ստուգումներ իրականացնել։ Ես կարծում եմ, որ հետադարձ կապ քաղաքագետների ու իշխանությունների մեջ, այնուամենայնիվ, կա»։






































